ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկինarmtimes.com-ի հետ զրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, հայտարարել էր. «Մենք միշտ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին բանտարկյալների և ձերբակալության մեջ գտնվողների նկատմամբ կիրառել եվրոպական չափանիշներ: Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է, և Եվրոպայի խորհուրդը ունի հստակ չափորոշիչներ, որի շրջանակներում նաև հետևում և վերահսկում է բանտարկյալների կամ ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը: Հաստատությունը, որը շատ է աշխատել քաղբանտարկյալների հարցերով, Եվրախորհուրդն է, այստեղ նույնիսկ մշակվեց քաղբանտարկյալ սահմանումը: Բացի այդ' ՄԻԵԴ-ում մի քանի վճիռներ են կայացվել, թե արդյո՞ք որոշ դեպքերում մարդը համարվել է քաղբանտարկյալ է, թե՞ ոչ: Որքանով ես եմ տեղյակ' առ այսօր Եվրախորհրդի կամ ՄԻԵԴ-ի կողմից չկա որևէ հայտարարություն, որ այս պահին Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանից փորձեցինք կարծիք լսել դեսպանի այս հայտարարության հետ կապված։ Սեդրակյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցում վստահեցրեց, սակայն, որ դեսպանը նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը ներկայացրել է քաղբանտարկյալ համարվելու եվրոպական չափանիշները։ Բայց պետք է նշել, որ տեսանյութում ՀՀ-ում ԵՄ դեսպանը նման հայտարարություն անում է։
«Նա շատ մանրամասն ներկայացնում է, թե ինչ է քաղբանտարկյալ ձևակերպումը, եվրոպական չափանիշները և առաաջարկում են համապատասխանեցումը ֆիքսել։ Եվրոպական որևէ պաշտոնյա իրավասու չէ նման հայտարարություններ անել և չի անելու։ Երբ մենք խոսում ենք քաղբանտարկյալ կոնցեպցիայի մասին, պետք է հասկանանք, որ Հայաստանը Եվրոպական կոնցեպցիայով, եվրոպական չափանիշներով քաղաքականություն չի վարում։ Դրա համար Եվրոպայում այդ կատեգորիաներն այդքան հստակ են, իսկ Հայաստանում՝ նման աղոտ, խնդրահարույց, ինտրիգային միջավայրում որևէ հստակ կատեգորիա լինել չի կարող»,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Քրիստինա Աղալարյան