Միացյալ Նահանգները Ռուսաստանին տեղեկատվություն է տրամադրել Սիրիայում կառավարական զորքերի կողմից թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումների վերաբերյալ եւ միջոցներ է ձեռնարկում ստացված տվյալներն ստուգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք անհանգստացած ենք այն հաղորդումներից, որ Սիրիայի կառավարական զորքերի տանկերն ու հրետանին կրակ են բացել Լաթաքիայի, Հոմսի, Համայի մերձակայքում և Դամասկոսի շրջանում,- ասել է ամերիկացի դիվանագետը:- Մենք այդ տեղեկատվությունը տրամադրել ենք Սիրիայի աջակցման միջազգային խմբի մյուս երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին և Իրանին: Մենք հորդորում ենք Սիրիայում բոլոր կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել»:
Միևնույն ժամանակ Թոները նշել է «Սիրիայում ավիահարվածների թվաքանակի ակնհայտ կրճատումը նախորդ օրերի համեմատությամբ»: Նա ճշտել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Սիրիայում և Ամմանում մոնիթորինգի կենտրոնների միջոցով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: