ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության համար հետևողականորեն պայքարող «Ժառանգություն» կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը, քանի որ ընտրելու և ընտրվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է: Բացի դրանից, յուրաքանչյուր ընտրություն անմիջականորեն առնչվում է ժողովրդավարական և իրավական պետություն կառուցելու հրամայականի հետ: Անհրաժեշտ է արձանագրել նաև այն փաստը, որ միջազգային տարբեր կառույցներ գնահատում են ՀՀ-ին՝ որպես համակարգային կոռուպցիայով ախտահարված երկիր:Այս մասին ասված է «Ժառանգություն» կուսակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Համակարգային կոռուպցիան Հայաստանում սկսվում է կեղծված ընտրություններից: Ուստի «Ժառանգությունը» կարևորում է ընտրությունները վերահսկելու իրական գործիքակազմի առկայությունը, որն իր արտացոլումը պետք է գտնի ընտրական օրենսգրքում և դրա իրականացումն ապահովող այլ օրենսդրական ակտերում:
Նկատի ունենալով մինչև այժմ տեղի ունեցած տարբեր ընտրությունների, մասնավորապես 2013թ. նախագահական ընտրությունների ու 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի կեղծումները, առանցքային դեր ենք հատկացնում ընտրությունների անցկացման վերոնշյալ սկզբունքների և, հատկապես, «Մեկ քաղաքացի–մեկ քվե» սկզբունքի պարտադիր կիրառմանը: Վերջին 15 տարիների ընթացքում իշխանությունների վարած ապիկար և կեղեքիչ քաղաքականության հետևանքով Հայաստանից արտագաղթել են մեկ միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնց փոխարեն, ընտրակեղծարարության մի հրեշավոր համակարգի կիրառմամբ, քվեարկում են իշխանությունների հանցակիցները՝ նրանց օգտին ապահովելով հավելյալ 500.000–600.000 անօրինական քվե:
Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն օրախնդիր է համարում այնպիսի ընտրական օրենսգրքի ընդունումը, որը կապահովի հետևյալ սկզբունքները.
Քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում
Քվեարկությունից մեկ ամիս առաջ Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակի հրապարակում
Մատնահետքով էլեկտրոնային գրանցում
Քվեասենյակի և ընտրատեղամասի առցանց տեսանկարահանում
Համամասնական պարզ, առանց վարկանիշային քվեարկության ընտրակարգի ներդրում
Բողոքարկումների և վերահաշվարկի ժամկետների երկարացում
Թեկնածուի կամ թեկնածու կուսակցության լիազոր ներկայացուցչի կողմից ցանկացած նշված տեղամասի բողոքարկման հնարավորության մեխանիզմի կենսակոչում
Ընտրություններում ձայների 3 տոկոսը հաղթահարած կուսակցությունների նախընտրական ծախսերի մասնակի փոխհատուցում՝ պետական ֆինանսավորմամբ: