Հունվարի 16-ին վարձու դիպուկահարի գնդակին զոհ գնացած «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի տոհմը (կլանը) կազմել է այն թշնամիների «գնդակահարության ցուցակը», ովքեր կարող էին առնչված լինել նրա մահափորձին: Օպերատիվ տվյալներով այդ ցուցակում հիշատակվում են մոտ երկու տասնյակ անուններ և գողական մականուններ: Դրանք հիմնականում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումների ներկայացուցիչներ և ազգությամբ վրացի մի շարք երիտասարդ «գողականներ» են:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ օպերատիվ տեղեկությունների ցուցակում ընդգրկվածների հետքերով գնում են պրոֆեսիոնալ մարդասպանների մի քանի խմբեր: Նրանք արդեն վերացրել են այդ ցուցակում նշված 4 «մահապարտի», որոնց թվում նաև հանցաշխարհի առաջնորդներից մեկին՝ ադրբեջանցի Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանցուն):
Ռուսական «Իզվեստիա» թերթը նշում է, որ առաջին «գնդակահարության ցուցակը» կազմվել է անցյալ տարվա վերջերին, մինչև Դեդ Հասանի սպանությունը և, փաստորեն, կարելի է ասել, ձևավորվել է նրա կողմից: Դա եղել է հանդգնությամբ աննախադեպ մի գործողություն, որը կազմակեպել էին «օրենքով գողեր» Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումցին), Ջեմալ Միքելաձեն (Ջեմոն) և Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանցին):
Նրանք առանց հաշվի առնելու Դեդ Հասանի կարծիքը 2012թ. դեկտեմբերին Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում հրավիրեցին գողական հավաք (սխոդկա), այնտեղ քննարկեցին իրենց հետաքրքրող հարցեր՝ կապված Մոսկվայի ու հետխորհրդային ողջ տարածքում ստեղծված իրենց համար արդեն անընդունելի դրվածքի վերաբերյալ, «օրենքով գող» կարգեցին 16 նոր հեղինակությունների:
Դեդ Հասանն այս հանդգնությանը պատասխանեց նորընծա գողերին մտածելու ժամանակ տալով: Նա այս նոր թագակիրներին առաջարկեց իրենից ներողություն խնդրել, հրաժարվել Դուբայում ստացած կարգավիճակից, հնազանդվել իրեն և հեռանալ Մերաբից, Ջեմոյից և Ռովշանից: Նորաթուխ հեղինակությունների մի մասը ենթարկվեց համընդհանուր քրեական հեղինակության պահանջին:
Սակայն գողական աշխարհի համար եկավ 2013թ.-ի հունվարի 16-ը: Դեդ Հասանը զոհ գնաց նշանառուի արձակած գնդակին: Իրավիճակը փոխվեց: Առաջացավ անհնազանդ գողերին պատժի ենթարկելու մարտավարությունը վերանայելու խնդիր: Հիմա առաջացել էր պահանջ, որտեղ կարևոր գաղափարական հենքերն էին՝ սպանված առաջնորդի արյան դիմաց վրեժը, կլանի (տոհմի) սասանված պատվի վերականգնումը, Դեդ Հասանի ստեղծած գողական կայսրության ամբողջության պահպանումը:
Եղան առաջնորդի հոգեհանգստի ու հուղարկավության հետ կապված լեգենդապատման ճեպանկարային անդրադարձեր, եղավ տպավորիչ և շքեղ հուղարկավորություն: Դրանից հետո «գնդակահարության ցուցակը» ենթարկվեց փոփոխությունների: Այնտեղ ընդգրկվեցին Դեդ Հասանի նաև այն թշնամիներն, ովքեր, ըստ նրա կողմնակիցների, իրենց պարագլխի սպանության մասնակիցներն էին:
Ինչպես նշում են քաջատեղյակ ռուսական լրատվամիջոցները մահվան այդ ցուցակում «առաջին տեղում հայտնվեցին Ռովշան Լենքորանցու, նրա հայրենակից Ռուֆատ Նասիբովի (Ռուֆո Գյանջացու), Ջեմոյի և ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբավորումների զինակիցների անունները»:
«Իզվեստիա» թերթը, հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրներին, հաստատում է, որ Դեդ Հասանը նախկին սպորտսմեններից և իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված մարդասպանների մի քանի խումբ ուներ, որոնք ամսական ստանում էին 20-25 հազար դոլար աշխատավարձ, իսկ իրականացված յուրաքանչյուր հանձնարարության համար՝ լրացուցիչ պարգևավճար:
Արդեն սպանված են հակառակորդ կլանը ներկայացնող մի շարք «օրենքով գողեր» (Ռուֆատ Գյանջեցի, Աստիկ Սուխումցի, Ռուֆո, Ռովշան Լենքորանցի): Ինչ-որ առումով, Դեդ Հասանին թշնամի խմբավորման պարագլուխներից Ջեմոյի բախտը բերեց: Նա կարողացավ խուսափել մարդասպանի հարվածից: Փրկվեց, քանի որ վերջերս ձերբակալվեց Մոսկվայի օդանավակայանում: Նրա մոտ անվտանգության աշխատակիցները հայտնաբերել էին նռնակ, թմրամիջոց և կեղծ փաստաթղթեր:
Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները նույնիսկ չեն բացառում, որ Դեդ Հասանի ոխերիմ թշնամիներից մեկին՝ Ռովշան Լենքորացուն սպանելու գործում օգնել են քրդերը: Սա քննիչների կողմից առաջ քաշված մի վարկած է, որը հիմնավորվում է այն իրողությամբ, որ Թուրքիայի սահմանների հսկողությունը շատ խիստ է և ավելի հեշտ է զենքը երկրի ներսում հայթայթելը, քան սահմանից ներս տանելը:
Բացի այդ, կա տեսակետ, որ Դեդ Հասանը սերտ կապեր է ունեցել անկախ Քրդստանի համար պայքարող զինյալների հետ: Նույնիսկ նախկինում լուրեր էին պտտվում, որ Դեդ Հասանի այդ կապերից օգտվել են պետական անվտանգության ծառայությունները: Այս պարագայում «... շատ հավանական է, որ քուրդ զինյալները կամ իրենք են մասնակցել Ուսոյանին սպանողին վերացնելու գործին, կամ օգնել են մահափորձի կազմակերպման և զենքի ձեռք բերման հարցերում»:
Ըստ որոշ տվյալների՝ Դեդ Հասանի տեղը զբաղեցնողը՝ Դմիտրի Չանտուրիան (Միրոնչիկը), ստացել է ժառանգություն նաև նրա անձնական կապերի մի մասից օգտվելու հնարավորության տեսքով: Դա հատկապես վերաբերում է ուժային կառույցների և արտասահմանի հետ ունեցած կապերին: Ահա թե ինչու, չնայած նրա երիտասարդ և շատ հարցերում անփորձ լինելուն, Միրոնչիկի դիրքերը գողերի մեջ շատ ամուր են:
Հատկանշական է, որ ռուսական հատուկ ծառայություններն առայժմ դեռ թուրքական կողմից չեն ստացել հստակ պատասխան Ռովշան Լենքորացու դեմ Ստամբուլում կատարված մահափորձի հանգամանքների և նրա մահը հաստատելու վերաբերյալ, թեև հատուկ ծառայություններում գրեթե վստահ են, որ Ռովշան Լենքորացին մահացած է: Սակայն նրանք չեն բացառում, որ մահվան մասին լուրերն ապատեղեկատվության նպատակ են հետապնդում և, գուցե, տարածվում են նաև հենց նրա կողմից:
Աղբյուրը' Փաստինֆո. am