ԵՄ-Թուրքիա գագաթաժողովի ժամանակ Էրդողանի առջև խոնարհվող եվրոպացի ռաջնորդները նողկալի տեսք ունեին, գրում է Guardian բրիտանական պարբերականի սյունակագիր Փոլ Մեյսոնը:
Միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար՝ Եվրամիությունն օգնություն է փնտրում մի երկրում, որտեղ գնալով ուժեղանում է բռնապետությունը: Թուրքիան պատերազմ է վարում էթնիկ փոքրամասնությունների դեմ, հատուկ ջոկատայինները ներխուժում են ընդդիմադիր Zaman թերթի խմբագրություն, նրա գաղտնի ծառայությունները մեղադրվում են «Իսլամական պետությանը» զենք ուղարկելու մեջ, նրա զինվորականները խոցում են ռուսական ռմբակոծիչը: Ու չնայած այս ամենին՝ Անկարան հույս ունի դառնալ Եվրամիության անդամ, նշում է հոդվածագիրը:
Թուրքիայի նախագահը դաժանաբար ճնշում է բողոքի ցույցերը: Նա է հրահրել Քրդստանի բանվորական կուսակցության հետ հրադադարի ավարտը և գրեթե այրել Թուրքիայի հարավում մի քանի քաղաքներ, որտեղ քրդերն են եղել: Մինչդեռ, Եվրոպական միությունը աչք է փակում Թուրքիայում ժողովրդավարության խարխլման և խաղաղ քաղաքացիների դեմ ռազմական գործողությունների վրա, նշում է սյունակագիրը:
ԵՄ-ի քաղաքացիները Թուրքիայի մասին ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն: ԵՄ պաշտոնյաները նախորդ տարվա նոյեմբերին բարձր են գնահատել Անկարային տնտեսական հաջողությունները, չնայած այն հանգամանքին, որ արդեն այն ժամանակ երևում էին բռնապետության բոլոր նշանները: Հարցը նրանում է, թե արդյոք կարող է պետությունը, որն առավել հստակ կերպով խախտում է ԵՄ-ին անդամակցելու բոլոր չափանիշները, միանալու հեռանկարներ ունենալ: Պատասխանը միայն մեկն է՝ իհարկե չի կարող, և եվրոպական իշխանությունները պետք է այդ մասին տեղեկացնեն Էրդողանին, եզրափակում է հոդվածի հեղինակը: