Մարտի 8-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետռախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և ետ շպրտել վերջիններիս իրենց ելման դիրքերը:

 

Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

 

ՊԲ համապատասխան ծառայությունների տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

 

Մարտի 7-ին և 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 12 000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են համարժեք գործողությունների:
Բացի վերոնշյալ ապակառուցողական քայլերից, ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները մարտի 8-ին տեղեկատվություն էին տարածել, թե իբր Չայլու գյուղի ուղղությամբ հայկական ուժերը կրակ են բացել հովիվների ուղղությամբ:

 

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ նշվածը ապատեղեկատվություն է և, ի տարբերություն ադրբեջանական կողմի, հայկական ուժերը երբեք քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակ չեն վարում: