Ընտրական օրենսգրքի նոր նախագծով կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները:

 

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 և ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ:

 

Նշենք, որ վերջին մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են' ռուսական, քրդական, եզդիական, ասորական համայնքները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ասորական «ԱԹՈՒՐ» ասոցիացիայի նախագահ Արսեն Միխաիլովն ասաց, որ իրենց համայնքում քննարկումներ ընթանում են, և ոչ միայն այսօր, այլ նաև հանրաքվեից առաջ, համայնքը քննարկել և ողջունել է  ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի այդ մոտեցումը:

 

«Իհարկե, կգա ժամանակ, արդեն մոտ օրերս, ՀԿ-ների լիդերների հետ ԱԺ-ում այս հարցերի շուրջ քննարկումներ կլինեն, քանի որ մեր տեսակետն այնտեղ հետաքրքիր է: Պետք է վերջնական ի մի բերենք օրենքը»,- ասաց նա:

 

Հարցին, թե արդյոք հույս ունե՞ն, որ արդար սկզբունք կգործի, թե՞, օրինակ, Ազգային ժողովում կհայտնվեն այն մարդիկ, ովքեր ձեռք են տալիս ՀՀ իշխանություններին ասաց. «Դե ապոհովված չենք այդ երևույթից, դա ժամանակը ցույց կտա, իսկ մենք պետք է պայքարենք այն բանի համար, որն ԸՕ-ով կնախատեսվի»:

 

Մենք հարցրինք նաև, թե հնարավո՞ր է՝ ասորական համայնքն ինքը ներկայացնի, ասաց, որ դեռ դրա մասին խոսելը վաղ է, իսկ եթե ժողովուրդն աջակցի, այդ դեպքում նոր ընդամենը կմտածի:

 

Նշեց նաև, որ 1987 թվականից գործող այս կառույցը բավականին շատ անդամներ ունի մշակույթի, գիտության ոլորտից, հետևաբար նրանցից շատերը կարող են ներկայացնել ասորական համայնքը:

 

Արսեն Միխայելովի կարծիքով՝ չպետք է ընդամենը մեկ թեկնածու լինի, այլ նախընտրելի է մի քանի հոգի տարբեր կուսակցություններով առաջադրվեն, որպեսզի ժողովուրդն ընտրության հնարավորություն ունենա: