Մարտի 10-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել են տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ հարցը։ Դրանից մեկ օր անց՝ մարտի 11-ին, ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: «Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով' երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից»,- հայտարարել էր ՀԱՊԿ նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Այս երկու իրադարձությունների և Արցախի վրա դրանց ազդեցության վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանի հետ։
- Պարո՛ն Բադասյան, Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ կային և արդյոք դրանք արդարացա՞ն։
- Ես առանձնահատուկ սպասելքիներ չունեմ նման հանդիպումներից, որովհետև Ռուսաստանը վերջին 200-250 տարվա մեջ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ մի անգամ բարենսպաստ կամ օգտակար գործողությամբ աչքի չի ընկել։ Հիմա ի՞նչ պետք է անի։ Բոլորին էլ պարզ է, որ Պուտինը ոչ թե հրավիրել է Սերժ Սարգսյանին, այլ կանչել է իր մոտ՝ նոր հանձնարարություն տալու, որը հաստատ ի շահ հայ ժողովրդի չի լինելու։ Այստեղից լավ բան սպասելի չէ։ Այս տարիների փորձը ցույց է տվել, որ հատկապես երրորդ նախագահը գրեթե ամբողջովին հանձնել է Հայաստանի թե՛ ինքնիշխանությունը, թե՛ սկսել է վերջնակետին հասցնել առաջին և երկրորդ նախագահների սկսած գործընթացը՝ հատուկ ստրատեգիական… հանձնման ուղղությամբ։
- Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի արտագնա նիստը, որի ժամանակ ևս անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Ինչպե՞ս եք դրան վերաբերում։
- ՀԱՊԿ-ը՝ որպես մարմին, ստեղծվել է, բայց չի կայացել և ոչ մի անգամ չի գործել։ Եթե գործեր, ապա չէին լինի այն երևույթները որոնք եղան, զոհերը, որոնք մենք տվեցինք, փոքրիկ մարտական գործողությունները և այլն։ Այս տեսակետից, ՀԱՊԿ-ի արտագնա նիստից կամ հայտարարությունից առանձնակի բաներ սպասել պետք չէ։ Ես՝ որպես արցախցի, հատուկ կարևորություն չեմ տալիս։ Ես կարևորությունը տալիս եմ մեր երկրի վիճակին, թե այս իրավիճակում ինչ պետք է անենք մենք, Հայաստանի իշխանությունները և Արցախի իշխանությունները։ Այս հարցերում Հայաստանի վիճակն ուղղակիորեն մեծ դեր ունի: Այսօր Հայաստանում վիճակը շատ վատ է։
ԵՏՄ-ի կազմի մեջ մտնելով՝ մենք կորցրել ենք ահագին բան, շատ արժեքներ, մեկ բառով ասած՝ մեր ինքնիշխանությունը։ Ինչ մտել ենք ԵՏՄ-ի կազմի մեջ, բյուջեի դեֆիցիտն է մեծացել, ներդրումների քանակությունն է մեծացել, երկրից արտագաղթն է շատացել, տրանսֆերների բացակայությունը, որը նաև կախված է միջազգային գործոնից։
Ռուսաստանում ևս ճգնաժամ է, բայց հայ մարդը յոլա գնալու համար մեկնում է այդ նույն Ռուսաստանը։ Այսինքն՝ Արցախի հարցը Հայաստանի վիճակից է կախված։ Եթե Հայաստանը հզոր լինի, հզոր կլինի Արցախը։ Արցախի հարցը լուծելու համար մեր ձայնը բարձր կլինի։ Չնայած այս վատ իրավիճակին՝ ես լավատեսորեն եմ տրամադրված, որովհետև Արցախի հարցը լուծելու է արցախցին, ոչ թե ՀԱՊԿ-ի անդամները։ Արցախի հարցն արցախցին լուծել է արդեն։ Մադրիդյան սկզբունքներ, համանախագահներ, եռակողմ համաձայնագրեր. սրանք ես համարում եմ երկրորդական, առաջնահերթն արցախցու կամքն է, որը մենք արդեն արտահայտել են 26 տարի առաջ։ Դա մեր անկախությունն է, որին հաջորդեց Ադրբեջանի ագրեսիան, պատերազմ, որում մենք հաղթեցինք, պատերազմի ավարտից հետո էլ մենք ունեցանք որոշակի արդյունքներ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ մենք սրանից հետո չենք կարող որպես ժողովուրդ ապրել կա՛մ Ադրբեջանի, կա՛մ ինչ-որ մեկի տիրապետության տակ։ Ադրբեջանն ընդհանրապես բացառվում է։ Ադրբեջանի նման բոլոր պետությունները, որոնք բռնապետական են, ոչնչանում են։ Մի օր Թուրքիան կվերանա, մի օր Ադրբեջանը կվերանա, շատերն արդեն վերացել են։ Որպես կայսրություն կվերանան։ Տեսեք՝ Սովետական միությունն իրականության մեջ կայսրություն էր, դրա համար էլ վերացավ, Ռուսաստանն էլ իր հերթին կայսրություն է, տասնյակ, հարյուրավոր ժողովուրդների ճնշած պահում է։ Մի օր էլ նրանք են անկախանալու։
Քրիստինա Աղալարյան