Ախալքալաքում տեղի ունեցող ցույցերը իշխանության համար պայքար է: Tert.am –ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության նախագահ Առնոլդ Ստեփանյանը:
«Սա ուղղակի ուժի դեմոնստրացիա է: Սաակաշվիլիի ժամանակ պատժված Մելիք Ռաիսյանը («Վրացական երազանքի» առաջնորդներից է - Tert.am), այսօր վերադառնալով, բնական է, ուզում է՝ մաքրի շրջանը նախկին ղեկավարներից: Իսկ նրանք էլ չեն ուզում գնալ, քանի որ տեղական պառլամենտում մեծամասնություն ունեն: Այսինքն, եթե Մելիք Ռաիսյանը չկարողանա այդ ձայները վերցնի հիմա, ստիպված կլինեն սպասել մինչև 2014 թվականի ընտրություններ»,- մանրամասնեց Առնոլդ Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Ախալքալաքի շրջանային վարչության ղեկավարությունն այլևս հանդես է գալիս որպես Վրաստանի նախագահի նախկին թիմ կամ Բիձինա Իվանիշվիլիի նոր կողմնակիցներ:
Հիշեցնենք, որ ինչպես նախօրեին հաղորդել էր «Հարավային դարպաս» կայքը, Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց տեղական իշխանության մարմիններն անցկացրել էին բողոքի հանրահավաք՝ ի պատասխան փետրվարի 11-ին «Վրացական երազանքի» կողմից անցկացրած բողոքի ցույցի:
Հաղորդվում է, որ մոտ 1000 մարդ էր հավաքվել Ախալքալաքի շրջանային վարչության շենքի դիմաց ՝ հայկական, վրացական դրոշներով և ցուցապաստառներով, իսկ նախքան կսկսվեր հանրահավաքը, տարածքում հնչում էին դաշնակցական երգեր:
«Հանրահավաքի նպատակն էր շրջանի ժողովրդին կոչ անել, որ խուճապի չմատնվեն և համախմբված լինեն իրենց գործողություններում»,- հաղորդում է կայքը:
Ներկաներին իրենց տեսակետներն են ներկայացրել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքի շրջանի ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը և այլք:
Հանրահավաքի վերջում մասնակիցների կողմից ընդունվել է ուղերձ, որտեղ կոչ է արվում անել ամեն ինչ, որ տարածաշրջանը լինի կայուն և չգնալ սադրանքի, քանզի շրջանում առաջ են եկել ապակառուցողական ուժեր, որոնք ձգտում են սրել իրավիճակը:
Հիշեցնենք նաև, որ փետրվարի 11-ին նույն շրջանային վարչության շենքի դիմաց «Վրացական երազանքի» անդամների կազմակերպմամբ անցկացվել էր բողոքի ցույց, որով պահանջվում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաաակաշվիլիի, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից ընտրված մեծամասնական պատգամավորներ Սամվել Պետրոսյանի, Հենզել Մկոյանի, Ախալքալաքի շրջանային ժողովի և վարչության նախագահներ Համլետ Մովսիսյանի և Նաիրի Շիրինյանի հրաժարականները: Ինչպես «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Մելիք Ռաիսյան էր իր խոսքում նշել՝ եկել են քաղաքակիրթ և «խնամախոսի» պես՝ մեկ շաբաթ ժամանակ տալով:
Առնոլդ Ստեփանյանը երկու կողմերում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ այս հանրահավաքները որակեց որպես պայքար իշխանության համար, որտեղ օգտագործվում են ազգային փոքրամասնության՝ հայ համայնքի խնդիրները:
«Կամ ավելի ճիշտ՝ ուզում են դառնալ կողմնակից, որ շրջանի ղեկավարությունը պահպանեն»,- ասաց ՀԿ ներկայացուցիչը և ավելացրեց.«Իհարկե, շատերը կլինեն, որ ուզենան օգտվել, և չեմ բացառում, որ հայ համայնքի խնդիրները հիմա առավել ռադիկալ կլսվեն: Սա առաջին հերթին ձեռք է տալիս Սահակաշվիլու քաղաքական ուժին, որ առաջինը ցույց տան, որ նոր իշխանություններն ի վիճակի չեն լուծել հայ համայնքի խնդիրը, և դրա համար էլ այս իշխանությունների օրոք ազգային փոքրամասնությունները նորից խոսում են իրենց իրավունքներից»,- կարծում է Առնոլդ Ստեփանյանը:
Նրա խոսքով երրորդ նպատակն է՝ այս ակցիաներով հավաքել զուտ վրացական ձայներ' հասկանալով, որ հայերինն արդեն կորսված են:
Այս իմաստով նա մի ուշագրավ դիտարկում արեց՝ ասելով, որ Վրաստանի նախագահը հիմա ընդգծված ազգայնական հռետորաբանություն է բանեցնում: Մասնավորապես, օրերս խոսելով ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի մասին' Սաակաշվիլին ընդգծված նշել էր, որ նա դիմադրություն էր ցույց տվել վրացական ոստիկանությանը, անկարգություններ արել վրացական բանտում:
Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը նշեց, որ Վրաստանում իրականացված իշխանափոխությունը դեռ ամբողջովին չի տարածվել շրջաններում, մասնավորապես՝ Սամցխե-Ջավախքում:
«Նահանգի արևմտյան շրջանների ներկայացուցիչների մեծ մասն արդեն հանդիսանում են Բիձինա Իվանիշվիլու կուսակցության ներկայացուցիչները, հակառակ սրան՝ Ախալքալաքի հատվածում կենտրոնական իշխանությունները, կարծես թե, չեն շտապում կադրային փոփոխություններ մտցնել»,- ասաց Վահե Սարգսյանը։
Նա նշեց, որ Վրաստանի վարչապետի քաղաքական ուժն այս անգամ համագործակցեց Սաակաշվիլիի մոլի պաշտպան, Նինոծմինդայից մեծամասնական պատգամավոր ընտրված Համլետ Մկոյանի հետ, երբ վերջինս դեռ հոկտեմբերին լքեց իր երբեմնի թիմակիցներին և արագորեն ելքեր որոնեց՝ մտնելու հաղթանակած ուժի թևի տակ:
Փորձագետի կարծիքով, այս օրերին, կարծես թե, նույնկերպ են ուզում վարվել նաև Ախալքալաքի շրջանային վարչության և ժողովի (սակրեբուլոյի) նախագահները: Վերջիններիս՝ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ուժ ներթափանցելու վտանգն է, որ ստիպում է «Վրացական երազանքի» ջավախքյան ներկայացուցիչներին հանդես գալու հանրահավաքներով, որտեղ պահանջվում է նշյալ մարդկանց հրաժարականը, որով և, փաստորեն, ըստ հանրահավաքի կազմակերպիչների, կլուծվի իշխանափոխության հարցը:
Թե ինչու են Թբիլիսիում հապաղում Ախալքալաքում իրականացնել կադրային փոփոխություններ, փորձագետը դժվարանում է ասել, քանի որ առկա են գործընթացներ, որոնք ենթակա են խորքային վերլուծության:
«Շիրակ» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի կարծիքով որևէ վատ բան չկա, որ հայ համայնքը երկու կողմից մասնակցում է, ինչի համար էլ կան օբյեկտիվ նախադրյալներ: Առաջինն այն է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը մուտք գործեց Ջավախք:
«Ջավախքը Վրաստանի մասնիկն է, և դա լավ երևաց, երբ նախորդ խորհրդարանական ընտրություններին ընդգծված քաղաքական պայքար գնաց Ջավախքում: Իսկ նախկինում կարևորագույն քաղաքական գործընթացները, ինչպիսին ընտրություններն են, Ջավախքում գրեթե չէին վերածվում քաղաքական պրոցեսի, որովհետև գործող իշխանություններն իրենց տեղական ներկայացուցիչների միջոցով «ապահովում» էին գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք»,- ասաց պատգամավորը:
Իսկ երկրորդ օբյեկտիվ պատճառը, Շիրակ Թորոսյանի ձևակերպմամբ, այն է, որ «Թիֆլիսում ընթացող գործընթացները պրոյեկտվում են տարածաշրջաններում»:
«Իսկ եթե այսօր Թիֆլիսում պահանջում են Սաակաշվիլիի հրաժարականը, տեղերում էլ այդ վերաբերմունքը պետք է լինի նրա օրոք ձևավորված տեղական մարմինների նկատմամբ»,-ամփոփեց Շիրակ Թորոսյանը: