Ասում են՝ մարդկությանը հայտնի բոլոր մասնագիտություններից ամենավիճարկելիներից մեկը քաղաքական գործչի մասնագիտությունն է, իսկ ամենավարկաբեկված ոլորտներից մեկն էլ՝ քաղաքականությունը, քանի որ ամենից հաճախ այստեղ կարելի է հանդիպել այնպիսիներին, որոնք, մի կողմ դրած սկզբունք ու բարոյականություն, զբաղվում են տարրական հոգեվաճառությամբ:


Ցավոք, Հայաստանում ևս քիչ չեն այպիսիք, որոնց քաղաքական կարիերան ավելի շուտ հիշեցնում է նմանատիպ մի բան, քան սկզբունքային մարդու վճռակամությունից բխած գործունեություն: Այդպիսիք հատկապես հանդիպում են երիտասարդ քաղաքական գործիչների շրջանում, որոնց կյանքի միակ իմաստն ու նպատակն ամեն գնով ակտիվ քաղաքականության մեջ մնալն է՝ հետագայում նախարար կամ այլ տիպի բարձրաստիճան պաշտոնյա դառնալը:


Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ այդ երիտասարդներից ամենահանրահայտներից մեկը Վահան Բաբայանն է, ում քաղաքական գործունեությունը, ինչպես հաճախ է պատահում մեզանում, սաղմնավորվել է դեռևս նրա՝ ուսանողական խորհրդի նախագահ եղած շրջանում: Տակավին երիտասարդ՝ նա այս երկար տարիների ընթացքում հասցրեց 4 կուսակցություն փոխել: Նա մեկն է, ում իրավամբ կարելի է համարել մեր վերջին 15-16 տարվա քաղաքական դաշտի որակի յուրատեսակ ինդիկատոր, դաշտ, ուր արժևորվում են ոչ թե մարդու համոզմունքները, սկզբունքները, պարկեշտությունը, այլ՝ ճիշտ հակառակ որակները. Բաբայանի քաղաքական կարիերան ասվածի վառ ապացույցն է:


Վստահաբար կարելի է ասել, որ Բաբայանի կյանքի ու աշխատանքային գործունեության վրա որևէ կուսակցություն այնքան խորը հետք չի թողել, որքան ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն մի նոր ծննդավայր դարձավ այս երիտասարդի համար, նոր սկզբի աղբյուր, որը, սակայն, պետք է շուտով ցամաքեր՝ պատռելով ոմանց՝ փարիսեցիական կեղծ բարեպաշտությամբ քողարկած զազրելի երեսը: Եվ այսպես, եթե փորձենք հասկանալ, թե հատկապես որն էր Բաբայանի՝ ԲՀԿ մտնելու բուն նպատակը, պետք է ասենք, որ, ամենայն հավանականությամբ, այնտեղից յուղոտ պատառ փախցնելու հույսերը. ժամանակին բավական ազդեցիկ կուսակցություն էր, իսկ ունեցած ֆինանսական միջոցներով էլ միանգամայն համադրելի էր իշխող Հանրապետական կուսակցության հետ:

 

Բաբայանը, որ լավ էր սերտել հայրենական քաղաքական խայտաբղետ դաշտում սեփական խերն ու շառը տարբերակելու դասերը, արեց ամեն բան՝ հայտնվելու հենց այն քաղաքական ուժի շարքերում, որն իրեն խոստանում էր ավելի քան փայլուն ապագա: Այլ կերպ ասած՝ Բաբայանին այստեղ բերողը ոչ թե գաղափարն էր, այլ շատ ավելի շոշափելի մի բան՝ անձնական շահը:Տեսնելով, սակայն, որ իր հաշվարկները՝ կապված ԲՀԿ ապագայի հետ, այնքան էլ չեն արդարանում, որոշում է ընդունում դուրս գալ կուսակցությունից ու փնտրել այն վայրը, ուր շատ ավելի հարմարավետ ու տաքուկ կլինի իր համար: Իսկ թե որտեղ է պատրաստվում մտնել այս երիտասարդը, կարծես հետզհետե սկսում է պարզ դառնալ:


Մասնավորապես՝ պատգամավոր Բաբայանը մի առիթով հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի սպառազինությունների ու դրանց տեղակայման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների հրապարակումն ամենևին էլ գաղտնիք չէ և չի ազդում ՀՀ անվտանգության վրա: Ակնհայտ է, որ Բաբայանն այս հայտարարությամբ փորձում է հիմա էլ աչքի ընկնել ռուսամետ դաշտում գործող ուժերի մոտ՝ հստակ ազդանշան ուղարկելով նրանց, որ ինքը բաց է ու պատրաստ է լսել համապատասխան առաջարկներ: Այս կապակցությամբ կցանկանայինք մի հարց ուղղել Բաբայանին. արդյոք ինքն իրեն այդչափ արժեքավոր մե՞կն է համարում, որ կարծում է, թե առաջատար քաղաքական ուժերն ու անգամ համաշխարհային ուժային բևեռները պետք է իրենց բանուգործը թողեն ու զբաղվեն Բաբայան որսալով, ասենք հետախուզեն, թե որտեղ է գտնվում այդ անգին գանձը, որ տանեն ու դնեն իրենց գլխներին: Համաձայնե՛ք, որ մեծամտությունն էլ պետք է բանականության սահմաններում լինի, ինչը Վահան Բաբայանի դեպքում ակնհայտորեն ֆետիշացված է:


Մնում է հուսալ, որ օրերից մի օր մեր քաղաքական դաշտն այնպես կբարեփոխվի ու իրապես կկայանա, որ այլևս ստիպված չենք լինի մեր քննարկան հերոս դարձնել նրանց, ովքեր իրենցից, խոշոր հաշվով, ոչինչ չեն ներկայացնում, ու մեր ուշադրությունը կկենտրոնացնենք շատ ավելի գլոբալ հարցերի վերլուծության վրա, այլ ոչ թե ստիպված կլինենք բաց տեքստով գրել, թե ով իրենից ինչ է ներկայացնում:

Դավիթ Բաբանով