Արդեն մի քանի օր է, ինչ հայաստանյան բանկային համակարգն աժիոտաժի մեջ է հայտնվել: Բանն այն է, որ բանկոմատները համատարած կերպով «կուլ են տալիս» քարտերը, գործարքներ չեն կատարվում, իսկ բանկերից զանգահարում և խնդրում են ներկայանալ բանկ, ստանալ նոր քարտ՝ անվտանգության կանոններից ելնելով:

 

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ցանցահենները սքիմմեր անունը կրող հարմարեցված քարտի չափով սարք են տեղադրում բանկոմատի մեջ, և երբ քաղաքացին քարտը մտցնում է բանկոմատ, այն մտնում է վերը նշված սարքավորման մեջ, ինչն էլ սկսում է կարդալ քարտի ինֆորմացիան:

 

Ահա ձեր հեռանալուց հետո սքիմմերի միջոցով ստացած ինֆորմացիայով սկսում են հիմնականում օնլայն գործարքներ կատարել:

 

Նշենք, որ օնլայն գործարքների համար PIN կոդը և քարտի առկայության կարիքը չկա, հարկավոր է միայն քարտի տվյալները և CVV կոդը:



Սարքը բանկոմատի մեջ մնում է որոշակի ժամանակահատված, և երբ ցանցահենները հանում են այն, քաղում են հավաքագրված ողջ ինֆորմացիան ու միանգամից գործարքներ անում: Դա է պատճառը, որ այս երևույթը համատարած բնույթ է կրում:

 

Ինչպես պետք է քարտապանները զգուշանան



Քարտապանները պետք է ՍՎՎ կոդը միշտ փակեն, քանի որ թեկուզ սրճարաններում կարող են արտագրել կամ նկարել քարտը և գործողությունն անել:

 

Քաղաքացիները պետք է խուսափեն օգտվել պասիվ, խուլ տեղերում գտնվող բանկոմատներից, քանի որ հիմնականում բանկից հեռու տեղակայված բանկոմատների վրա են այդ սարքերը տեղադրում. պատճառն այն է, որ բանկերի մոտ տեսախցիկներ կան, որոնք պահպանում են անվտանգությունը:

 

Ռիսկերի տարանջատման համար կարելի է նաև գումարը տարբեր քարտերի վրա պահել, ունենալ մի քանի բանկերի քարտեր և տարին մեկ անգամ փոխել:

 

Նելլի Ավետիսյան