Սկսվեց ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանի գովքը նախկին ԲՀԿ-ականների և «քոչարյանականների» կողմից: Նախ, «պարզվեց», որ Օսկանյանը Մարտի 1-ի հետ որևէ կապ չի ունեցել: Հետո՞ ինչ, թե ինքն իր հայտնի տխրահռչակ ելույթն է ունեցել, որի բովանդակությունը դժվար կլինի մոռանալ: Այսօր պատմություն խմբագրելը շատ հեշտ է, մեկ-երկու հոգի պնդում են, որ նման բան չի եղել, այդ մասին գրվում է և վերջ՝ անցյալը փոխվում է: Միայն Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ մենք նման փորձեր արդեն շատ ունենք:

 

Բայց սա դեռ ամենը չէ. եթե լսենք Օսկանյանի համակիրներին, ապա «կպարզվի», որ Օսկանյանը «գույք պարտքի դիմաց» խայտառակ գործարքի հետ էլ որևէ կապ չի ունեցել. նման տեսակետ էլ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանն է հայտնել: Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են...

 

Այս ամենի հիման վրա իմ մեջ սկսեցին կասկածներ առաջանալ՝ իսկ միգուցե Վարդան Օսկանյանը Հայաստանի արտաքին քաղաքականության հե՞տ էլ կապ չի ունեցել, կամ նույնիսկ Հայաստանի՞ հետ. որովհետև զբաղեցնել նման պաշտոն Ռոբերտ Քոչարյանի օրոք ու այդքանով հանդերձ ոչ մի բանի հետ կապ չունենալ՝ առնվազն ֆանտաստիկայի ժանրից պետք է լինի: Հուսամ, որ գոնե իր կողմից ստեղծվելիք նոր կուսակցության հետ Օսկանյանը կապ կունենա:

Կարեն Վարդանյան