«Յուքոմ» ընկերությունն սկսում է ներդնել գերժամանակակից LTE ռադիոհասանելիության ցանց Հայաստանի ողջ տարածքում: Այդ կապակցությամբ պայմանագիր է ստորագրվել «Էրիկսսոն» ընկերության հետ, որի շրջանակներում «Էրիկսսոնը» տրամադրելու է Ericsson Radio System ընտանիքի ամենառաջատար ռադիոսարքավորումներ, ինչպես նաև գործարկվելու է վերլուծական համակարգ, որը կօգնի գնահատել բաժանորդների փոփոխվող պահանջները եւ խթանել հաճախորդների գոհունակությունը:
LTE ցանցի ներդրմամբ «Յուքոմը» Հայաստանի տարածքում կապահովի բարձրորակ շարժական կապ, անվտանգության բարձր մակարդակ, կներդնի ալեհավաքների գերզարգացած տեխնոլոգիա, կստեղծի ամբողջական IP ցանց, անլար լայնաշերտ հասանելիություն բաժանորդի վերջին մղոնում և երեք ծառայությունների համատեղ տրամադրման հնարավորություն (ձայն, տվյալ, վիդեո):
«Այս ցանցի ներդրմամբ մենք մեր բաժանորդների համար կապահովենք ավելի արագ և որակյալ ինտերնետ, քանի որ ինտերնետը դարձել է մեր առօրյայի կարևորագույն բաղադրիչներից մեկը, և անփոխարինելի է թե´ բիզնեսում, թե´ հասարակական կյանքի այլ բնագավառներում: Բացի այդ, LTE ցանցի ներդրման աշխատանքների ժամանակ կբացվեն բազմաթիվ աշխատատեղեր»,- նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
LTE ստանդարտն ապահովում է պահանջվող ծառայությունների որակի բազմազան չափանիշներ, որոնք տալիս են էական առավելություններ շարժական կապի այլ տեխնոլոգիաների նկատմամբ:
LTE ռադիոհասանելիության ցանցը բաղկացած է լինելու Հայաստանի Հանրապետությունում ռադիոծածկույթ ապահովող բազմաթիվ բազային կայաններից թե´ Երևանում, թե´ մարզերում: Հանրապետության շատ քաղաքներում արդեն հասանելի կլինի բարձր արագությամբ կապ, իսկ փոքր բնակավայրերում և շատ այլ տարածքներում մաքսիմալ արագությունը կարող է հասնել մինչև 70Մբիթ/վ։
«Մենք շատ ուրախ ենք, որ «Յուքոմ» ընկերությունն ընտրել է հենց մեր կազմակերպությունը այս ռազմավարական ծրագիրն իրականացնելու համար: «Էրիկսսոնի» ամենաժամանակակից հեռահաղորդակցման պլատֆորմի հիման վրա LTE ցանցի ներդրման արդյունքում «Յուքոմը» հնարավորություն կունենա իր բաժանորդներին առաջարկել հայկական շուկայում ամենաբարձր որակ ունեցող բջջային ծառայությունները», - նշեց «Էրիկսսոն Նիկոլա Տեսլա» ընկերության նախագահ Գորդանա Կովաչեվիչը:
Բազային կայաններն օգտագործելու են բարձր հաճախականությունների շերտեր։ Այդպիսով LTE ռադիոհասանելիության ցանցը կապահովի հսկայական թողունակություններ և մաքսիմալ հնարավոր արագություններ։
Ընդհանուր առմամբ LTE տեխնոլոգիայի հիման վրա տրվող ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության 800-ից ավելի բնակավայրերում, որը կազմում է բնակչության 95 տոկոսից ավելին։
Նշենք, որ միևնույն ժամանակ որպես ծրագրի մեկնարկ «Էրիկսսոն» ընկերությունը տարածելու է մամուլի հաղորդագրություն, որտեղ «Էրիկսսոնի» Ուկրաինայի և Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Վոյցեխ Բայդան մասնավորապես նշում է. «Հայաստանն այժմ մտել է թվային զարգացման փուլ, որը զուգակցվում է նորարարությունների և նոր ծառայությունների ստեղծմամբ հեռահաղորդակցման բնագավառում, ինչպես նաև նոր ժամանակակից սարքավորումների պահանջարկի աճով: Այս աճող պահանջարկը ենթադրում է այնպիսի ցանցերի ներդրում, որոնք կկարողանան սպասարկել հսկայական ծավալներ: LTE ցանցն, իր հզոր վերլուծական լրակազմով, հնարավորություն կտա «Յուքոմին» ստեղծել լավագույն ցանցը, որը կապահովի բարձրակարգ որակ»:
«Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ' «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: 2016 թվականին «Յուքոմ» ընկերությունը ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը և դարձել նաև բջջային օպերատոր:
Էրիկսսոնը հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է: Էրիկսսոնի երկարաժամկետ համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի մեծագույն օպերատորների հետ մարդկանց, կազմակերպություններին և հասարակությանը հնարավորություն է տալիս հնարավորինս բացահայտել իրենց կարողությունները և ապագայի նկատմամբ վստահություն ունենալ:
Ունենալով ավելի քան 115,000 աշխատակիցներից կազմված անձնակազմ և աշխատելով ավելի քան 180 երկրներում՝ Ընկերությունը համադրում է իր գործունեության համաշխարային ընդգրկումը՝ տեխնոլոգիական և ծառայությունների առաջնորդության հետ: Ընկերությունը սպասարկում է ցանցեր, որոնք ունեն ավելի քան 2.5 միլիարդ բաժանորդ: Համաշխարհային բջջային կապի ավելի քան 40%-ը իրականացվում է Էրիկսսոնի ցանցի միջոցով: Հետազոտությունների և զարգացման ուղղությամբ ընկերության ներդրումներն ապահովում են շուկայում ընկերության առաջատար դիրքը և հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել միայն լավագույն և առաջադեմ լուծումներ Էրիկսսոնը հիմնադրվել է 1876 թ. և գլխամասային գրասենյակը գտնվում է Ստոկհոլմում, Շվեդիայում: 2014թ. ընկերության զուտ վաճառքները կազմել են 3.1 միլիարդ ԱՄՆ դոլար (SEK 228.0 միլիարդ): Էրիկսսոնը ցուցակված է Ստոկհոլմի NASDAQ OMX և Նյու Յորքի NASDAQ ֆոնդային բորսաներում: