Չեմ կարող ասել, թե բոլորը միանշանակ շատ լավ մասնակցեցին մրցումներին: Եղան լավ մասնացողներ. ումից չէինք սպասում, նրանք լավ հանդես եկան, եղան մարզիկներ էլ, ովքեր ինչ-ինչ պատճառներով վատ էին զգում, պատրաստվածությունը լավը չէր, ավելի թույլ հանդես եկան: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային կարգի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

Խոսելով քննարկման առիթ հանդիսացած մրցավարության մասին՝ Ալեքսանյանը նշեց.

«Ընդհանրապես, բոլոր տեսակի մրցումների ժամանակ մրցավարական կողմնապահություններ միշտ լինում են: Լինում են, որովհետև այնտեղ հզոր և թույլ երկրների շահերի բախումներն են: Իհարկե, հզոր երկրներն ավելի շատ են օգտագործում մրցավարական գործոնները, որպեսզի իրենց մարզիկները շահավետ իրավիճակում հայտնվեն: Սա բոլոր մրցումներում կա՝ և՛ Եվրոպայի առաջնությունում, և՛ աշխարհի առաջնությունում: Այս մրցումները նույնպես բացառություն չէին. այստեղ էլ եղել է մրցավարական գործոնը, որն ազդել է գոտեմարտերի ելքերի վրա: Միայն հայեր չեն, այլ ազգեր էլ են բողոքում մրցավարությունից՝ խորվաթները, ուկրաինացիները, շվեդները, բելառուսները, բոլորն էլ բողոքում են»:

Պարոն Ալեքսանյանից, ով նաև Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն է, փորձեցինք պարզել, թե ի՞նչ տպավորություն ունի որդու ելույթից: Հիշեցնենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոնը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Ոսկու համար Արթուր Ալեքսանյանը պայքարեց ռուաստանցի Նիկիտա Մելինովի դեմ:

«Արթուրի հետ կապված՝ ասեմ, միշտ փորձում եմ մրցավարական գործոնը թողնել մի կողմ, իհարկե, եղել է, չեմ մերժում, բոլորը տեսել են, որ մրցակցին պասիվության համար չզգուշացվեց, բայց կարծում եմ՝ մեզ նման երկրները մեդալի հասնելու համար այնպիսի գոտեմարտեր պետք է անցկացնեն, որ մրցավարները չկարողանան իրենց գործոնն օգտագործել՝ գոտեմարտի ելքի վրա ազդելու համար: Օրինակ՝ երբ Արթուրն այդպես է գոտեմարտում, ոչ մի մրցավար չի կարողանում նման բան անել: Պետք է մի գլուխ բարձր գոտեմարտենք»:

Միհրան Հարությունյանի ելույթի մասին խոսելիս՝ Ալեքսանյանն ասաց.

«Հարությունյանը հավաքականի հետ մասնակցել է միայն վերջին հավաքին, մարզվել է, պատրաստվել ու գնացել: Եվրոպայի առաջնությանը պատրաստվել ենք դեկտեմբերից, երեք-չորս հավաք ենք անցկացրել: Միհրանը մասնակցել է մեկ հավաքի, այդ հավաքում նորմալ պարապել է, բայց, կարծում եմ, թերի պատրաստվածության հարց կար. նա չկարողացավ վերականգնվել երկրորդ գոտեմարտին և լավ չգոտեմարտեց»:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը պարտվեց 1/8 եզրափակչում: