Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներին մասնակցելու համար ՀԱԿ-ին միանալու անհրաժեշտություն չի տեսնում: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա նշեց, որ ընտրական օրենսգրքում առկա թերությունների ու խնդիրների մասին պետք է բարձրաձայնեն բոլորը. թե քաղաքական ուժերը, թե քաղաքացիա կան հասարակության, թե ԶԼՄ ներկայացուցիչները: «Ես կարծում եմ, որ սա այն հարցն է, որտեղ բոլորը պետք է բարձրաձայնեն իրենց դժգոհությունների մասին, հանդես գան առաջարկներով, ներկայացնեն իրենց դիրքորոշումը: Մարտի 22-ին լինելու են լսումներ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Կարծում եմ, որ դա չպետք է լինի փոքր դահլիճային քննարկում, դրան պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը և ներկայացնեն իրենց առաջարկներն ու մտահոգությունները»,- նշեց Փոստանջյանը:

 

Դիտարկմանը, թե «Ժառանգություն»-ը պաշտպանում է այն 5 առաջարկները, որոնց շուրջ ՀԱԿ-ն առաջարկել էր ստեղծել ընդդիմադիր ուժերի միասնական պլատֆորմ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ին միանալու անհրաժեշտություն չի տեսնում: «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում ավտորիտար ռեժիմի կնքահայրն, է, կանգնած է ավտորիտար ռեժիմի ակունքներում, ուստի մենք այդպիսի քաղաքական ուժի միանալու խնդիր չունենք: Նրանք պարզապես վերցրել են մեր առաջարկներն ու ներկայացրել իրենց անունից: Ասեմ ավելին՝ նրանք են մեզ միացել, ոչ թե մենք նրանց»,- եզրափակեց Փոստանջյանը: