Վերջին շրջանի որոշ իշխանավորների պահվածքն ու ինքնավստահությունը, իրոք, արդեն սկսում է անհանգստացնել: Պարզվում է՝ հիմա էլ իր «խրոխտ» պահվածքով լրագրողների շրջապատում սկսել է աչքի ընկել հանրապետական Գագիկ Մելիքյանը, ում հաճախ կարելի է տեսնել սեփական կուսակցությանը գլխապատառ պաշտպանելիս, սրա-նրա՝ ոչ կոմպետենտ գործողություններն արդարացնելիս ու էլի նման բաներ անելիս: Հիմա էլ բանից պարզվում է՝ Մելիքյանը որոշել է կանգնել գրեթե փոփ աստղի հանրաճանաչության աստիճանի պոպուլյար դարձած Առաքել Մովսիսյանի թասիբին ու հանդես է եկել ասուլիսով, ուր միայն իրեն հատուկ ոճով հայտարարել է. «Չեմ կարծում՝ որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր կա»:
Ավելին՝ չբավարարվելով այսքանով՝ սույն պատգամավորը հավելել է. «Խմբակցությունն անելիք չունի, ցանկացած պատգամավոր ինքն անելիք ունի»: Ի դեպ այս վերջին նախադասությունը հնչել է ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ի՞նչ անելիք ունի ՀՀԿ-ն, երբ կուսակցության պատգամավորներն իրենց պահում են ճիշտ և ճիշտ «մովսիսյանավարի»՝ ակնարկելով Նիկոլ Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռվի ժամանակ վերջինիս կողմից դրսևորած խայտառակ վարքը:
Հիմա համոզվեցի՞ք, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքն արդիական էր ոչ միայն երկար տարիներ առաջ, այլև, որոշ անհատների պարագայում, նաև այսօր՝ 2016-ին: Մարդը բաց տեքստով հասկացնում է, որ իրենք իրենց թիմակցին, ով, ըստ երևույթին, բավական կարևոր օղակներից մեկն է իշխանական համակարգում, «ասելու չունեն», ու ինչ արել է, լավ է արել, իսկ ով համարձակվի ասել՝ աչքի վերևն ունք կա, կուղարկեն գրողի ծոցը, այո՛, կեցցե՜ Հանրապետականը, յո՜…
Սարկազմը՝ սարկազմ, բայց համաձայնե՛ք, որ այս պարագայում ոչ միայն պետք է կարգի հրավիրել օրերս ԱԺ-ում ծավալված բուռն իրադարձության կիզակետում հայտնվածին, այլև՝ հենց Գագիկ Մելիքյանին, ևդա պետք է անենք ոչ թե մենք, այլ իր՝ առավել խոհեմ կուսակիցները, որոնց պատվի հետ է խաղում հանրապետական այս պաշտոնյան. ի՞նչ է նշանակում հայտարարել, թե խմբակցությունն անելիք չունի: Եթե ձեր խմբակցությունը չի կարողանում կարգի հրավիրել իր իսկ անդամը հանդիսացող պատգամավորին, այդ դեպքում, կներե՛ք, էլ ո՞րն է ձեր բանուգործի անունը, ի՞նչ է, միայն սրա-նրա փոխարեն կոճակ սեղմելու համա՞ր եք գտնվում Ազգային ժողովի պատերից ներս…
Մնում է պարզապես հուսալ, որ ամբողջ Հանրապետական կուսակցությունում գոնե կգտնվեն անհատներ, որոնց տեսակետները՝ կապված այս պատմության հետ, միանգամայն տարբեր կլինեն Մելիքյանի տեսակետից ու դատարկ տեղը չեն փորձի «դուխով տղու» տպավորություն թողնել լրագրողների ու հանրության մոտ՝արտահայտելով ծայրահեղ անհեթեթ մտքեր ու տեակետներ:
Դավիթ Բաբանով