«Կփորձենք օգնել նոր ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք շուտ մերվեն թիմին և կարողանան մեզ օգուտ տալ: Առաջին մարզումը շատ լավ մարզում էր, հուսով ենք՝ շատ լավ կպատրաստվենք Բելառուսի դեմ խաղին»,- այս մասին mediamall.am-ի թղթակցի փոխացմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Դիտարկմանը, թե Ռոման Բերեզովսկիի հեռանալուց հետո ինքը դարձել է թիմի ավագը. որպես թիմի ավագ ինչ պետք է անել, որպեսզի հավաքականն առավել ոգևորված հանդես գա, ինչպես երկու տարի առաջ, ֆուտբոլիստը պատասխանեց.
«Ավագի թևկապը ոչ մի նշանակություն չունի: Այստեղ ավելի շատ մարդկային որակների գործոնն է, որը պետք է ցույց տա մարդը դժվար պահին, կարողանա թիմն իր հետևից տանել: Ոչ մի նշանակություն չունի՝ կլինեմ թիմի ավագ, թե ոչ միշտ պատրաստ եմ թիմին իմ հետևից տանելուն և խաղընկերներիս օգնելուն: Չեմ կարող ասել, թե մարզիչն ինչ տակտիկա է ընտրելու, որովհետև այդ հարցը մարզիչը ֆուտբոլիստների հետ չի քննարկում, այլ քննարկում է մարզչական շտաբի հետ: Մենք ֆուտբոլիստներ ենք և պետք է իրագործենք նրա՝ ոչ միայն տակտիկական, այլ նաև խաղային հանձնարարությունները: Մարզումներին անում ենք այն, ինչ մեզնից պահանջվում է, իսկ խաղին արդեն պարզ կդառնա, թե որքանով ենք պատրաստ»:
Անդրադառնալով «Յուվենտուսի» կողմից իր ծառայություններով հետաքրքրված լինելու մասին խոսակցություններին՝ ֆուտբոլիստն ասաց. «Խոսակցություններ են, ոչ մի կոնկրետ բան չկա»:
Ռոբերտ Արզումանյանի՝ կարիերան ավարտելու որոշման մասին՝ հավաքականի ավագն ասաց.
«Միայն կարող եմ հարգել Ռոբերտի որոշումը: Ճիշտ է՝ չեմ քննարկել, թե ինչու, բայց հասկանում եմ՝ եթե նա որոշել է հրաժեշտ տալ հավաքականին, խնդիր չկա: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել նրան՝ այսքան տարի տրամադրած ժամանակի համար: Ճիշտ է ցավալի է, բայց պետք է առաջ շարժվենք և չպետք է հետ նայենք: Պետք է մտածենք, որ հավաքականում կան ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան նրան փոխարինել: Յուրա Մովսիսյանի և Գևորգ Ղազարյանի բացակայությունը զգալ կտա, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք, երևի պատրաստ կլինեն խաղալ: Եթե մարզիչը որոշել է, որ նրանց պետք չէ հրավիրել, ուրեմն այդպես է պետք: Չեմ կարող ասել, թե ինչու է մարզիչն այդպիսի որոշում կայացրել»,- ասաց Մխիթարյանը: