Ցանկացած խաղ խաղում ենք այն բանի համար, որպեսզի երկրպագուները գան, մարզադաշտում մեզ աջակցեն: Այս մասին Հայաստանի ազգային հավաքականի մարզումներից հետո ասաց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով ԼՈՒՐԵՐ.com-ի այն հարցին, թե արդյոք Հայաստան-Բելառուս խաղը լինելո՞ւ է երկրպագուներին տրիբունա «վերադարձնելու» գործընթացի սկիզբը:

«Երկրպագուները կգա՞ն, թե՞ ոչ, իրենց խնդիրն է, բայց մեզանից ինչ պահանջում են, մենք կատարում ենք: Ես նույնպես ցանկանում եմ, որ մեր մարզադաշտերը լեփ-լեցուն լինեն, որովհետև հաճելի չէ խաղալ կիսադատարկ մարզադաշտերում: Ճիշտ է՝ ժողովրդին պետք է հասկանալ, բայց նրանք էլ պետք է հասկանան, որ առանց իրենց աջակցության կարելի է ասել՝ ֆուտբոլը մի քիչ անհետաքրքիր է դառնում:

Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ Մխիթարյանն ավելի հետ քաշված էր խաղում, ինչն առաջացնում էր երկրպագուների դժգոհությունը, ին: ԼՈՒՐԵՐ.com-ի մեկ այլ հարցի, թե արդյոք ինքը տեղյա՞կ է, խաղային դիրքի փոփոխություն լինելո՞ւ է, Մխիթարյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել և այդ մասին գիտի մարզիչը:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ազգային ընտրանին նորանշանակ մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպում է անցկացնելու: Մրցակիցը Բելառուսի ընտրանին է: