Բրիտանական մամուլն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ քաղաքական բանտարկյալների մի մասին ազատ արձակելուն հարկադրելու պատճառներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես The Economist հանդեսը գրում է, որ «արտասահմանյան քննադատներին գնելու նպատակով ավանդաբար «խավիարային դիվանագիտությունից» օգտվող Ալիևի փողը նավթի գների անկման հետևանքով խիստ պակասել է, և այդ պատճառով նա պետք է այլ տարբերակ գտներ…»:

 

Ըստ թերթի' անգլիացի վերլուծաբանները գտնում են, որ Իլհամ Ալիևը հարկադրված է կատարել մի քանի քաղբանտարկյալների ազատ արձակելու քայլը:

 

«Ադրբեջանում 14 այլադավան ազատ արձակվեցին, իսկ մնացած մեծ մասը դեռ բանտում է: Նավթով հարուստ երկրի բռնապետական ռեժիմն աշխատում է մարտի 31-ին ծրագրված Վաշինգտոնի միջուկային գագաթնաժողովի շեմին վերականգնել իր ռեկորդային բացասական հեղինակությունը»,- առաջին էջում գրել է The Economist-ը:

 

«Ադրբեջանն առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքի ղեկավար Օգթայ Գյուլալիևն ընդամենը 14 քաղբանտարկյալներին ներելը «մեծ սպասումների ֆոնին փոքր քայլ» է անվանել:

 

«Բացասական միտում է, երբ մի քանի քաղբանտարկյալի ազատ արձակելուց հետո իշխանությունները ձերբակալում են նորերին: Այդ պատճառով, արդեն երկար ժամանակ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գտնվում է 100 մարդու մակարդակին»,- ասել է նա:

 

Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով իշխանություններին դիմել են ԱՄՆ պետքարտուղարությունը, ԱՄՆ կոնգրեսի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը, Եվրախորհրդարանի մարդու իրավունքների գծով փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը, միջազգային 21 կազմակերպություն:

 

Միջազգային և ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն' Ադրբեջանի բանտերում դեռևս 93 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը համարվում են «խղճի բանտարկյալներ»: