Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ լսել է, թե ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին արդեն իսկ 5000 դրամ ընտրակաշառք է բաժանվում, սակայն նրա կարծիքով՝ դա տրամաբանությունից դուրս է:
«Սերժ Սարգսյանն ունի առավելություն մյուս երկու թեկնածուների նկատմամբ, թե՛ քաղաքական առումով և թե՛ ծրագրային, արտաքին քաղաքականության հարցում ակնհայտ առաջ է, տնտեսականը չեմ ասի, այս պարագայում, եթե ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործվի, անմիտ, անխելք քայլ կլինի»,- նշեց նա և հույս հայտնեց, որ նման բացթողում իշխող ուժը չի անի, և դա ցույց կտա փետրվարի 18-ը: «Ուղղակի անհարժեշտություն չկա արհեստական քայլեր անել»,- ասաց նա:
Քաղաքագետը կարծում է, որ եթե քարոզարշավի սկզբնական փուլում պասիվություն էր նկատվում, այսօր արդեն կա բազմազանություն, իսկ վերջին շրջանում նաև մրցակցություն: «Վերջին մի շաբաթը բազմազանություն կա և մրցակցությունը մեծացավ վերջին շրջանում»,-ասաց նա:
Անդրադառնալով թեկնածուների նախընտրական ծրագրերի դրույթներին՝ քաղաքագետն ասաց, որ հիմնական երկու մրցակից թեկնածուների՝ Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերում արտաքին քաղաքականության մասն ակնհայտ տարբերվում է:
«Ցանկացած հարց վերցրեք, օրինակ՝ ԼՂ-ի հարցում Սերժ Սարգսյանն ասում է, որ կշարունակեն հարցի լուծումը տեսնել Մինսկի խմբի հետ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է , որ կճանաչի ԼՂ անկախությունը: Հայ-թուրքականի դեպքում ևս ակնհայտ տարբեր են, առաջինի դեպքում՝ առանց նախապայմանների շարունակել հաստատել հարաբերություններ Թուրքիայի հետ, Րաֆֆիի դեպքում՝ հրաժարվել արձանագրություններից»,- ասաց նա և ավելացրեց, որ նույնը վերաբերում է նաև դեպի Եվրոպա և Ռուսաստան կողմնորոշման հարցերին:
«Այնուամենայնիվ, ամեն ինչ կորոշվի 18-ին, չնայած որ հասկանում ենք՝ գործող նախագան ունի առավելություն»,- եզրափակեց նա: