Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության գործով առաջին նիստը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ամբաստանյալների փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը միջնորդեցին դատական նիստը հետաձգել, քանի որ Աշտարակում պետք է մասնակցեին այլ դատական նիստի։

 

Դատարանը բավարարեց միջորդությունը: Նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 12.00-ը:

 

Երրորդմասցի Լյովիկն ու նրա երկու ընկերները սպանվել են 2015 թվականի մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտակայքում: Սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Վահան Հակոբյանը («Գաստիկ» մականունով), Սարգիս Հախանումյանը («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը (Ծգլ): Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է սույն գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը, որի համաձայն՝ գործով երեք մեղադրյալները Գաստիկը, Ծգլեն և Տլեն, նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք են բերել և պահել զենք:

 

Ըստ այդմ՝ 2015թ. մարտի 4-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը և Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լևոն Ղազարյանի (Երրորդմասցի Լյովիկի,-հեղ.), Դրաստամատ Թադևոսյանի (Դերո մականունով) և Մեսրոպ Նազարյանցի (Բարաքցի Մոս) ուղղությամբ: Կրակոցների հետևանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադևոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են: