Երեկ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այցելեց իր հայրենի գյուղ' Արագյուղ (Կոտայքի մարզ), որտեղ նրան դիմավորեց իր համագյուղացիների հոծ բազմությունը:

Հրանտ Բագրատյանը ելույթ ունեցավ Արագյուղի ակումբի առջև, որտեղ կարծիք հայտնեց, որ եթե հանրապետությունում վախի մթնոլորտը վերանա, ապա իշխանության մրցունակությունն ընտրություններում չափազանց ցածր կլինի:

«Ես երեխա չեմ, հասկանում եմ, որ եթե վտանգ լինի, ապա իրենք ճնշումը կմեծացնեն»,- ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավարը: Սակայն Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ եկել է ներկայացնելու իր ծրագիրը: Նա նշեց, որ այն երկիրը, որն ինքն է պատկերացնում, որևէ կապ չունի այն Հայաստանի հետ, որը պատկերացնում են մյուս թեկնածուները և, մասնավորապես, գործող նախագահը:

«Ի՞նչ երկիր են իրենք կառուցելու. մի 10-15 հոգու ձեռքում գտնվում է ամբողջ հարստությունը, և հենց այդպես էլ պատկերացնում են երկիրը, որ այդ 15 հոգին կառուցեն գործարաններ, ստեղծեն աշխատատեղեր, մենք էլ գնանք իրենց մոտ աշխատենք: Արդեն դրվածքը սխալ է: Իսկ ինչո՞ւ մենք չաշխատենք, ինչո՞ւ չցրենք այդ ամենը, ինչո՞ւ հարկային, ֆինանսական, ադմինիստրատիվ կառավարման համակարգը թույլ չտա, որպեսզի մարդիկ ինչ-որ բան ստեղծեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Այս համատեքստում նա կրկին նշեց գյուղում իր կողմից բարեփոխումների իրականացման ծրագրի մասին' ստեղծելու գյուղական կոոպերացիա, այսինքն' ստեղծել մի քանի արտադրություններ, որտեղ բոլոր գյուղացիները կլինեն փայատերեր: «Կոոպերացիան այն է, որ իրենք են աշխատում, վարձու աշխատողներ չեն բերվում, և բոլորի փայերը հավասար են»,- ասաց Հ.Բագրատյանը: «Կամ, եթե մի հոգի' ջահել երեխա' 18-20 տարեկան, ուզում է բիզնես սկսել, ինչո՞ւ չի կարելի առաջին բիզնեսի փող տալ, երեխա է, ուզում է սկսել, ուզում է փորձել, ինչո՞ւ չօգնել,- շարունակելով' ասաց նա,- Ինչո՞ւ, որտեղ մի հատ խանութ ես բացում, գան քեզ ասեն' էստեղ «Սիթին» պիտի լինի կամ «Սթարը» պիտի լինի, խանութդ վեկալ' գնա ստեղից: Հարցեր կան, չէ՞: Եթե մենք այս էներգիան չքաշենք, ամեն մեկը մի բան չանի, այս հանրապետությունը մեղվի փեթակի պես չբզզա, չաշխատի, ի՞նչ ենք սարքելու: Մի 10 հատ օլիգարխ ունենք, ազգանունները գիտեք, նրանք ի՞նչ երկիր սարքող են»:

Իրենց հերթին' Հրանտ Բագրատյանի համագյուղացիները տարբեր հարցեր էին ուղղում նախկին վարչապետին' ամենատարբեր թեմաներով: Օրինակ' արագյուղացիներից մեկը հետաքրքրվեց, թե քանի՞ տարում Հայաստանը կարելի է դարձնել Սինգապուրի պես զարգացած երկիր, ինչին ի պատասխան' Հրանտ Բագրատյանն ասաց. «ամենաշատը' 20 տարում»: Հարց հնչեց նաև Սյունիքի արոտավայրերը մարզպետի կողմից իրանցի անասնապահներին վարձով հանձնելու մասին խոսակցությունների վերաբերյալ: Այս մասին էլ Հրանտ Բագրատյանն ասաց, որ այդ սկանդալի պատճառով Սյունիքի մարզպետն արդեն վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից:

Սակայն ավելի օրիգինալ էր մեկ այլ արագյուղացու հարցը, որն ինքը' հարցի հեղինակը, անվանեց «լիցքաթափող»: Գյուղացին հիշեցրեց, որ, օրինակ, վարորդական իրավունք ստանալու համար վարորդներից պահանջում են տեղեկանք հոգեբուժարանից, այսինքն, այսպես ասած, «փսիխո»: «Իսկ Հանրապետությունը կառավարելու համար «փսիխո» պահանջո՞ւմ են»,- հարցրեց նա: Հարցը բավական զվարճացրեց և՛ գյուղացիներին, և՛ իրեն' Բագրատյանին, ով ծիծաղելով, այնուամենայնիվ, պատասխանեց. «Չկա, հես ա, կարող ենք թվարկել թղթերը, մեջը «փսիխո» չկա»:

Հանդիպման վերջում Հրանտ Բագրատյանը հորդորեց մասնակցել ընտրություններին' նշելով, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է:

«Հաշվեք, որ այդ ձայնն այսօր որոշում է Հայաստանի բախտը: Էս իշխանությունը պետք է հասկանա, որ ինքը չունի օժանդակությունգ Ես ձեզ շատ եմ խնդրում, ամեն մեկդ քվեարկելուց մտածեք, որ ամեն ինչ կախված է ձեր ձայնից: Ում ուզում եք' քվեարկեք, ես եկել եմ ձեզ համոզելու, որ ինձ քվեարկեք, բայց, ի վերջո, դուք կարող եք ուրիշին էլ քվեարկել, ձեր գործն է: Բայց այդ պահին մտածեք, որ սա կարևոր է, ոչ թե մտածեք' դե լավ է, ասել են, խնդրել են, անեմ-պրծնեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Իսկ երեկոյան պարոն Բագրատյանը Երևանի Ազատության հրապարակում հանդիպեց ընտրողների և լրագրողների հետ: Նա նշեց, որ արդեն այսօր Նոյեմբերյանի շրջանում կանցկացնի վերջին հանդիպումները, որով կավարտի իր քարոզարշավը:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ մարդիկ սկսեցին աստիճանաբար հասկանալ' որտեղ է վեճը, ում և ում միջև է այն ընթանում: «Բնականաբար, այն տեսակետները, այն համալիր մոտեցումները, որոնք ես ունեմ, և իշխանություններն են արտահայտում: Մենք ոչ միայն ցույց տվեցինք, որ վեճն այդտեղ է, այլ նաև ցույց տվեցինք, որ իշխանության թեզերը, մոդելները չեն աշխատում: Կարծում եմ' սրանք լուրջ հաղթանակներ են: Հեքիաթները, թե իբր մենք բարդ բաներ ենք խոսում, ժողովուրդը չի հասկանում, այդպես չէ»,- նշեց նա:
Խոսելով փետրվարի 18-ի ընտրությունների մասին' «Ազատություն» կուսակցության ղեկավարն ասաց, թե հույս ունի, որ անակնկալներ կլինեն: Նա նաև անդրադարձավ ընտրությունների հետ կապված խնդիներին' մասնավորապես նշելով, որ ընտրացուցակների ուռճացումը դարձել է ընտրությունների աքիլեսյան գարշապարը:

«Ընտրացուցակներում առնվազն 400 հազար և ավելի մարդ կա, այդ մարդկանց տեղը շատ հանգիստ հնարավոր է քվեարկել»,- ասաց նա: Բագրատյանը շեշտեց, որ այդ ցուցակները պետք է համապատասխանեն մարդկանց քանակին:

«Եթե դրան ավելացնում ես նաև պետական ապարատն ու բանակը, ստացվում է, որ իշխանության թեկնածուն ունի մոտավորապես 650-700 հազար ձայն, այսինքն' ֆորա: Դա նույնն է, որ շախմատ խաղաս, շախմատային լեզվով ասած' ֆերզը հանես, ասես' խաղում եմ: Եթե դիմացինդ ընդհանրապես խաղալ չգիտի, հասկանալի է, բայց եթե գրոսմայստերը նստի նույնիսկ 4-րդ կարգի շախմատիստի հետ խաղա, առանց թագուհու դժվար է հետ բերել»,- համեմատեց Հրանտ Բագրատյանը' ավելացնելով, որ իշխանությունները դրա վրա են աշխատելու: Սակայն միաժամանակ' նախագահի թեկնածուն ասաց, որ չնայած դժվար է իշխանության նման գործելակերպի դեմ պայքարել, բայց պետք է ձգտել պահել սեփական ձայները, որոնք, ըստ նրա, մի քանի հարյուր հազար են:

Ինչպես արդեն հայտնի է' իշխող Հանրապետական կուսակցությունը' իր ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մտադիր է փետրվարի 21-ին, այսինքն' ընտրություններից հետո, նույնպես Ազատության հրապարակում անցկացնել հավաք:
Մենք հետաքրքրվեցինք, թե Հրանտ Բագրատյանն ի՞նչ կարծիք ունի այդ մասին, ինչին ի պատասխան' նա ժպտալով ասաց. «Այսպես ասեմ, հավաքը կլինի, բայց ո՞վ կգլխավորի հավաքը, ո՞վ կլինի հիմնական խոսողը, դեռ կտեսնենք»:
Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք ինքը' Հրանտ Բագրատյանը, մտադիր է նույնպես հանրահավաք անցկացնել ընտրություններից հետո, նա պատասխանեց, որ այժմ չի ուզում այդ մասին խոսել: