Փորձագետ և իմ անվանակից Կարեն Վարդանյանի սպանությունը ստիպեց ինձ վերստին մտորել մի հարցի շուրջ: Խոսքս մեր երկրում օրենքով նախատեսված պատժի տեսակի և չափի մասին է: Ավելի պարզ ասեմ. Կարեն Վարդանյանին սպանողներին կդատեն, կդատապարտեն X տարվա ազատազրկման և կկալանավորեն: Իսկ հետո՞: Ի՞նչ կլինի հետո, երբ անցնեն այդ X տարիները:
Նրանք կհայտնվեն ազատության մեջ և ամենևին չի բացառվում, որ գտնեն իրենց հաջորդ անմեղ զոհին, որովհետև քրեակատարողական հիմնարկում նրանք դժվար թե փոխվեն, դառնան ավելի լավ արժեքների կրող, եթե փոխվեն էլ՝ միգուցե միայն դեպի վատը: Կամ էլ ո՞վ կարող է երաշխիք տալ, որ նրանք իրենց ամբողջական պատիժը չկրած՝ տարիներ անց չեն օգտվի ինչ-որ հերթական համաներումից: Ոչ ոք նաև չի կարող երաշխիք տալ, որ շատ տարիներ անց նրանք ու էլի նրանց նմանները չեն կարող կալանավայրից հանդես գալ ընդդիմադիր ու լալահառաչ բնույթի նամակներով, որտեղ իրենց կդնեն զոհի կերպարի մեջ, կհայտարարեն, թե իրենց իրականում անմեղ են և «քաղաքական ճնշումների» զոհ, պղտոր ջրում ձուկ որսացող մի շարք լրատվամիջոցներ էլ չեն «հերոսացնի» նրանց և հանրության համար չեն արտադրի «քաղբանտարկյալների» ու «քաղհալածյալների» նոր խմբաքանակ: Չէ՞ որ նման նախադեպեր ունենք, երբ տարիներ առաջ նմանատիպ մարդասպանության, ապա իր զոհին կտրտելու և պայուսակի մեջ մեջ լցնելու մեջ մեղադրված ու ցմահ դատապարտվածը ոմանց կողմից կարող է «հերոսացվել»՝ ներկայացնելով իրեն որպես անմեղ: Իսկ մենք ունե՞նք երաշխիք, որ իսկապես անմեղ է, ինչու՞ պետք է հավատանք միայն մի կողմին...
Եվ վերջապես, նրանք X տարի կանցկացնեն կալանավայրում և այդ X տարիների ընթացքում պետությունը նրանց նման մարդասպաններին կերակրում է, կերակրում է անվճար... Բայց չէ, անվճար չէ, որովհետև դա բյուջեից է գնում, իսկ բյուջեն իմ, ձեր և շատ ուրիշների վճարած հարկերից է գոյանում, այսինքն՝ կերակրում է մեր հաշվին, իմ հաշվին, մարդասպան-ոճրագործին՝ մեր աշխատանքի հաշվին: Արդարացի՞ է արդյոք:
Իսկ ժամանակին պատժի այլ ձևեր կային, և ոչ միայն ժամանակին, օրինակ նաև այսօր քաղաքակիրթ ԱՄՆ-ի որոշ նահանգներում կա մահապատիժ: Սա ուղղակի, որպես տեղեկատվություն, հիշեցում...
Հիմա ոմանք կվրդովվեն, կզայրանան գրածիս վրա, կասեն՝ իսկ ու՞ր մնաց հումանիզմը... Կեղծ «հումանիզմի» գերի ենք դարձել: Իսկ կարո՞ղ են այդ «հումանիզմով» «կերակրել» կամ մխիթարել անմեղ զոհերի հարազատներին, կամ ինչու՞ այդ նույն «հումանիզմը» հետ չպահեց մարդասպան-տականքներին իրենց ոճրագործությունն անելուց: Կամ նորից եմ հարցնում՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ նույն կեղծ «հումանիզմի» արդյունքում տարիներ անց, երբ տականքները կրկին կհայտնվեն ազատության մեջ, չեն լինի նոր անմեղ զոհեր...
Կարեն Վարդանյան