Ստորև ներկայացնում ենք ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանի հետԼՈՒՐԵՐ.com-ի քիչ առաջ կայացած հարցազրույցը:

 

- Իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այն տեղեկությունը, որ Ադրբեջանն ընթացող մարտերում, ինձ հասած տեղեկության համաձայն, մարտի 2-ի, լույս 3-ի գիշերը կիրառել է նաև «Գրադ» կայանքներից ավելի հեռահար և ավելի մեծ ավերիչ ուժ ունեցող համազարկային կրակի «Սմերչ» հրթիռային կայանքներ:


- Ընդհանրապես կիրառում է տարբեր տիպի զինատեսակներ, և սա նորություն չէ: Այո, կիրառել է նաև «Սմերչ»:

 

- Իսկ բացի ռազմական հարվածային ուղղաթիռներից և անօդաչու թռչող սարքերից, ռազմական ինքնաթիռներ կիրառե՞լ է:


- Ռազմական ինքնաթիռներ դեռևս չի կիրառել:

 

- Ի՞նչ իրավիճակ է այս պահին Արցախում, ի՞նչ տեղեկություններ ունեք:


- Իրավիճակը լարված է սահմանի գրեթե ողջ երկայնքով, բայց մարտերն ավելի թեժ են հարավային մի հատվածում և հյուսիս-արևելյան հատվածներից մեկում: Միայն այսօր նրանք արդեն կորցրել են հինգ տանկ և ունեն տասնյակ կորուստներ իրենց զինվորականների շարքում: Ընդհանրապես, իրենք այս 2-3 օրվա ընթացքում կորցրել են երկու ուղղաթիռ, մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը՝ հարվածային, ավելի քան երկու տասնյակ տանկ, «Գրադ» հրթիռահրետանային մեկ կայանք, ինչպես նաև այլ զինտեխնիկա:

 

- Իսկ մենք ունե՞նք թշնամու կողմից այս պահին գրավված վիճակում գտնվող գյուղեր:


- Այդպիսի բնակավայրեր չկան, չեն էլ եղել, պարզապես մի ահաբեկչական-դիվերսիոն խումբ կարողացել է ներթափանցել Թալիշ, մտել են մի տուն և սպանել Խալափյանների ընտանիքի երեք տարեց անդամներին' երկու կնոջ և մեկ տղամարդու, կտրել նրանց ականջները: Նույնիսկ անասուններն այդպես չեն վարվում, սա ահաբեկիչներին և, ընդհանրապես, մոլագարներին, դեգեներատներին հատուկ պահելաձև է: Այնուհետև նրանք, իհարկե, փախել են, մի մասը նրանց խփվել է:

 

- Մենք ռազմական տեխնիկայի կորուստներ ունե՞նք:


- Ունենք մեկ տանկի կորուստ, բայց, ընդհանուր առմամբ, տեխնիկայի այդպիսի մեծ կորուստներ չունենք:

 

- Մեր որևէ ուղղաթիռ խոցվե՞լ է:


- Ոչ:


Հարցազրույցը' Արթուր Հովհաննիսյանի