Մեր Հայոց բանակն ավելի ամուր, կայուն, կայացած բանակ է։ Ադրբեջանի բանակը կոռուպցիայի հիման վրա ստեղծված բանակ է։ Ես եղել եմ Հայոց բանակի կառուցման գործում և գիտեմ՝ ինչքան ամուր է այն կառուցված։ Դա է մեզ փրկում, ժողովրդի ըմբոստ ոգին է մեզ փրկում։ ԼՈԻՐԵՐ.com-ի հետ զրույցում այս մասին ասաց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։

 

«Այսպիսի իրավիճակ եղել է 1992 թվականին, երբ մեր տղաները Հորադիզի կողմից Ֆիզուլի մտան։ Տղաները շատ արագ էին առաջ գնում, մեկ էլ Մոսկվան կանգնեցրեց։ Հետո պաշտոնական, անձնական ահագին խաղեր խաղացին, փորձեցին կանգնեցնել, բայց ապարդյուն։ Տղաները գնացին հասան մինչև Հորադիզ։ Հիմա նույն վիճակն է։Ադրբեջանցիներն ահռելի մեծ ուժեր կիրառելով՝ մի քանի դիրք են գրավել, չնայած որ մենք հետ ենք բերել։ Դրանով նրանք աշխարհին կամ իրանց հիմար ժողովրդին ուզում են ցույց տալ, որ տեսեք՝ մենք կարող ենք հաղթել հայերին, Հայոց բանակին։


Հետո էլ իբր հայտարարել են, թե հրադադար են ուզում։ Մեր ժողովուրդն ու տղաները չեն ուզում սա կուլ տալ, որ հետո խաբկանքի մեջ չգցեն, գան գրավեն ու ցույց տան, որ ուժեղ են մեզանից։ Բայց իրենք ուժեղ չեն։ Մեր բանակը մի շաբաթում կարող է մինչև Բաքու էլ հասնել, այքան ուժեղ է։ Իսկ իրենցն ընդամենը փող է ու մի քանի այլ ծառայություններ։ Մենք զենք էլ ունենք, ամեն ինչ էլ։ Կարևոր չէ, որ իրենք կարող են մի զենքից 10 հատ ունենալ, մենք 1 հատ։ Մենք կարող ենք խելքով օգտագործենք ու ավելի մեծ արդյունք լինի։ Զենքնօգտագործողն էլ է զինվորը, չէ՞։ Մեր Հայոց բանակն ավելի ամուր, կայուն, կայացած բանակ է։ Ադրբեջանի բանակը կոռուպցիայի հիման վար ստեղծված բանակ է։ Ես եղել եմ Հայոց բանակի կառուցման գործում և գիտեմ՝ ինչքան ամուր է այն կառուցված։ Դա է մեզ փրկում, ժողովրդի ըմբոստ ոգին է մեզ փրկում»,- ասաց ազատամարտիկը։

 

Նրա կարծիքով՝ այն, ինչ հիմա կատարվում է սահմանի վրա, ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ձեռնտու չէ։ «Դա մեծ տերությունների խաղ է, մենք էլ մեր կամքից անկախ հայտնվել ենք այս իրավիճակում։ Ես այս հարցին կպատասխանեմ այլ տեսանկյունից։ Ես ուրախ եմ նրա համար, որ մեր ժողովուրդն ավելի խորը, ավելի խելամիտ է մտածում և միաբանվելով՝ գնում է իր խոսքը կռվի դաշտում ասելու»,- շեշտեց Սաղաթելյանը։