«Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ակումբը կազմակերպում է ռազմական պատրաստության արագացված դասընթաց: Պարապմունքներն իրականացվում են երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 15:00-ից 18:00-ը, իսկ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ՝ ժամը 17:00-ից 20:00-ն: Դասընթացը վարելու են Հատուկ նշանակության ջոկատի վետերանները: Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար՝ անկախ տարիքային ու սեռային պատկանելությունից:
ՈՄԱ-ում գործում է նաև օպերատիվ կերպով աշխատող լրահավաք կենտրոն, որի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 055 715 262:
ՈՄԱ ակումբը գտնվում է Նորք Մարաշ, Արմենակյան 121 հասցեում: Մուտքը' «Նաիրի» հյուրանոցի բակից:
Ակումբի փոխտնօրեն Արշակ Վարդանովից հետաքրքրվեցինք, թե պարապմունքներն ի՞նչ պայմաններով են իրականացվելու, ավճա՞ր են լինելու, թե վճարովի, յուրաքանչյուր օր որքա՞ն են տևելու դրանք, ի՞նչ է ուսուցանվելու այդ պարապմունքների ընթացքում:
«Լինելու են անվճար, տևելու են 3 ժամ,- ասաց մեր զրուցակիցը:- Դասընթացի շատ փոքր մասը կազմում է հրաձգությունը, կրակային պատրաստությունը, իսկ մեծ մասը լինելու է տակտիկական գիմնաստիկա, այսինքն՝ ինչպես զենքը ճիշտ բռնել, ճիշտ դիրք ընդունել, ճիշտ քայլել, պառկել, կքանստել, խմբով աշխատել»:
Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից, դասընթացները վարելու են հատուկ նշանակության ջոկատի վետերանները՝ Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի գլխավորությամբ և ՈՄԱ ակումբի հրահանգիչների օգնությամբ:
Ա. Հ.