Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ գեներալ Նեջեթ Օզելի միջև այսօր Անկարայում կայացած հանդիպման արդյունքում համաձայնեցվել են վրաց-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու հարցերը, հաղորդում է Грузия Online-ը' հղում կատարելով Վրաստանի ՊՆ-ին:
Վրաստանի ՊՆ-ից հայտնել են, որ հանդիպման հիմնական քննարկման թեմաները կապված են եղել երկու պետությունների ռազմական և ռազմավարական համագործակցությանը: Մասնավորապես, խոսք է գնացել ապագա համագործակցությանը, ինչպես նաև համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին:
Վրացական պատվիրակությունն այսօր հանդիպել է Թուրքիայի ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում Վրաստանի նախարարը հանդիպել է թուրքական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարության հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու պետությունների ապագա ռազմական համագործակցությունը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունը: Թուրքական կողմն իր աջակցությունն է հայտնել նաև ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: