Արցախում ադրբեջանական կողմի ագրեսիան հնարավոր եղավ կասեցնել պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումների հմուտ գործողությունների, հրամանատարների և նրանց ենթակաների մարտավարական նոր մեթոդների կիրառմամբ, ինչպես նաև կամավորականների, ազատամարտիկների աջակցության շնորհիվ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին: «Առաջին հարվածն իրենց վրա վերցրել են պաշտպանության բանակի՝ մարտական հերթապահություն կատարող բոլոր ստորաբաժանումները: Մենք ունեցել ենք համապատասխան տեղեկություններ, համապատասխան աշխատանք: Մեր հետախուզությունը մշտական աշխատանքի արդյունքում մենք համապատասխան տեղեկություններ ենք ստանում հակառակորդի պլանների մասին, պարզապես նման տեղեկատվության շրջանակներում անընդհատ տարբեր ոտնձգությունների, դիվերսիաների պարագայում շատ դժվար է հստակ իմանալ, թե որ ուղղությամբ կարող են լինել ոտնձգություններ»,- նշեց Օհանյանը:

 

 

Նախարարի խոսքով՝ այդ պայմաններում պաշտպանության բանակը իր վրա է վերցրելհարվածը, ինչն արվել է արժանապատիվ կերպով: «Անգամ այն վայրերում, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթացել, նախաձեռնողականությունը եղել է մեր ձեռքում: Մեր գնահատմամբ՝ հակառակորդը ոչ ռազմավարական, ոչ էլ մարտավարական առումներով ոչ մի հաջողության չի հասել: Այսօր օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ձեռքերում է: Մենք բոլորս այսօր գլուխ ենք խոնարհում մեր բոլոր զոհերի առջև: Նրանք միշտ մեզ հետ են լինելու»,- ընդգծեց Օհանյանը:

 

 

Նախարարը հիշեցրեց, որ կողմերի միջև հրադադար է հաստատվել, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև: «Մեզ համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր՝ մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում: Մեզ բոլորիս համար հասկանալի է, որ բոլորս էլ ձգտում ենք, որ Լեռնային Ղարաբաղը՝ որպես հակամարտող կողմ, մասնակցի բանակցություններին: Այդ առումով, այսօր այս դադարը, ան կասկած, օգտագործում ենք համապատասխան հետևություններ անելու, նախապատրաստվելու առաջիկա գործողություններին: Վերջին տարիներին մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք տարել հակառակորդի հնարավոր ագրեսիային նախապատրաստվելու առումով: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բոլորը իրենց գործառույթները հստակ իրականացրել են: Այսօրվա պաշտպանության բանակի մարտունակությունը խոսում է նրա մասին, որ մենք պատրաստ ենք ցանկացած ոտնձգության և կանխարգելիչ միջոցառումների իրականացման»,- եզրափակեց նախարարը: