Հայ ժողովրդի հերոսական անցյալի մասին պատումներն ու լեգենդար ասքերը հայտնի են բոլորիս: Մատաղ սերնդից մինչև զառամյալներ, հայրերից՝ որդիներ ու պապերից՝ թոռներ տեղյակ ենք այն մեծագործությունների ու անօրինակ սխրանքների մասին, որ հայ զինվորը դարեր ի վեր գործել է՝ պաշտպանելով տուն ու հայրենիք, ազգ ու պետություն: Վերջին իրադարձություններն ապացուցեցին, սակայն, որ այն քաջագործություններն ու սխրանքները, որոնց մասին երիտասարդ սերունդը, թերևս, սովոր է տեղեկանալ պատմության դասագրքերից, ամենևին էլ չեն անցել պատմության գիրկն ու ապրելու են հավետ՝ քանի դեռ կա Հայաստանը, քանի դեռ կենդանի է հայ ժողովուրդը: Արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում հայերիս գործած հերոսությունների մասին, վստահ ենք, դեռ շատ է խոսվելու:

 

Շատ է պատմվելու այն շարքային ազատամարտիկների, նորակոչիկների, ենթասպաների ու սպաների մասին, որոնց եռանդին ու ավյունին կարող են նախանձել անգամ աշխարհի ամենաառաջատար բանակները: Դե իսկ ողջ հայ հասարակության կողմից ցուցաբերած բացառիկ համախմբվածության ու կամավորականների աննախադեպ քանակության մասին խոսելն իսկ ավելորդ է. այդ ամենին ականատես լինելու համար, պարզապես, հարկավոր էր այդ օրերին լինել Հայաստանում:


Հայտնի է, որ Ադրբեջանի՝ Արցախ ներխուժելու ծրագրերը մշակվել էին ամիսներ շարունակ: Թշնամին շատ մանրամասն կերպով մշակել էր այն սցենարը, որի՝ իրականություն դառնալու պարագայում նախատեսված էր հարվածի հիմնական ուժը տեղափոխել մայրաքաղաք Ստեփանակերտ՝ իբր անխուսափելի դարձնելով ազերիական բանակի հաղթանակը. ստացվեց ճիշտ հակառակը: Թշնամու առաջխաղացումը կանխվեց հենց Արցախի սահմանին՝ թույլ չտալով թշնամու ռազմական ղեկավարությանը՝ կյանքի կոչելու իրենց ստոր պլանը: Սահմանին թշնամուն կասեցնելու, այն ադրբեջանցիների գերեզմանատեղի դարձնելու սուրբ գործը ոչ մի կերպ հաջողությամբ չէր պսակվի, եթե չլինեին այն հայ երիտասարդ նորակոչիկները՝ սահմանապահները, որոնք իրենց վրա ընդունեցին թշնամու առաջին հարվածը: Հայ 18-19-ամյա պատանիները, որոնց թվաքանակն էապես զիջում էր թշնամու հրոսակախմբերին, երբեմն նույնիսկ 1-ը 10-ի հարաբերակցությամբ, այնպիսի դիմադրություն են ցույց տվել հրոսակներին, որ թշնամին դեռ երկար է հիշելու ու ի վիճակի չի լինելու ուշքի գալ. հաճախ պատահել է այնպես, որ ասենք 10 հոգանոց հայկական ստորաբաժանումը, շնորհիվ տղաների անկրկնելի արիության, թշնամուն տասնապատիկ կորուստներ պատճառելով, հետ են շպրտել ու անգամ անցել հակահարձակման. միայն ապշել կարելի է…


Ինչ խոսք, հայ քաջերի մեծագործությունների մասին խոսել կարելի է անվերջ,անդադար,բայց կցանկանայինք մի կարևոր ամրակգրում կատարել. Արցախի սահմանին տեղի ունեցած բախումները աշխարհին ու հատկապես թշնամուն աներկբայորեն ապացուցեցին,որ հայերս,անկախ բաժանարար գծերից, կանգնելու ենք մեր հայրենիքի թիկունքին մինչև վերջ, ի մահ՝ օրինակ ունենալով մեր ազգի լեգենդներին,անօրինակ հերոսերին.հաղթանակը մերն է լինելու:

Դավիթ Բաբանով