Երեկ Աղդամ-Ստեփանակերտ հատվածում Արցախի ՊԲ հակաօդայինները ոչնչացրել են Ադրբեջանի հերթական անօդաչու թռչող սարքը: ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանն այս կապակցությամբ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տվյալ ԱԹՍ-ի մարտական լինել-չլինելու հանգամանքն իրեն դեռ հայտնի չէ, սակայն, անկախ դրանից, սարքը ռազմական է եղել:
«Մենք կատարվածը դիտարկում ենք ոչ միայն այն առումով՝ այդ սարքը մարտական (հրթիռ արձակելու ունակ) եղել է, թե ոչ, այլ նաև այն տեսանկյունից, որ այդ սարքն ուղարկվել է Ստեփանակերտի օդային տարածք, երբ այստեղ գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և վարում էին բանակցություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:- Ադրբեջանի այդ քայլը որևէ կերպ հնարավոր չէ բացատրել նորմալ տրամաբանության շրջանակում: Մենք այդ մասին, իհարկե, տեղյակ ենք պահել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Որևէ պատասխան չենք ստացել, որովհետև, բնական է, որևէ նորմալ մարդ չի կարող հասկանալ՝ ինչպես են կարողանում հենց այդ պահին նման քայլի դիմել: Մենք դա որակել ենք որպես ահաբեկչության և ապուշության սինթեզ: Դա ահաբեկչության և ապուշության դրսևորում է, ուրիշ կերպ անհնար է բացատրել Ադրբեջանի այս քայլը»:
Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից, Աղդամից Ադրբեջան 20-30 կիլոմետր է, անօդաչու թռչող սարքը հայտնվել է Ստեփանակերտի օդային տարածքում, գտնվել է ԼՂՀ մայրաքաղաքին շատ մոտ, որի բնակիչները նույնիսկ լսել են Արցախի հակաօդային պաշտպանության ստորաբաժանման արձակած կրակոցների ձայները, ոմանք նույնիսկ տեսել են, թե մերոնք ինչպես են խոցում անօդաչու թռչող սարքը: Այդ դեպքը տեղի է ունեցել երեկոյան:
«Կրակոցների ձայները գալիս էին, երբ որ համանախագահները հանդիպում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ, դրա համար Ադրբեջանի այդ քայլը որակում ենք՝ ահաբեկչություն և ապուշություն, որովհետև այդ մարդիկ եկել են այստեղ խաղաղություն հաստատելու համար, մինչ այդ եղել են Ադրբեջանում, այդ խաղաղության մասին խոսել և այլն, իսկ դրանից հետո, հենց Ստեփանակերտում Ղարաբաղի նախագահի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում այդ պետությունը նման աննորմալ քայլի դիմեց»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Արթուր Հովհաննիսյան