ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հիշյալ խմբի իր գործընկերների հետ միասին այցելել էր Ստեփանակերտ: Նախօրեին նա Բաքվում լրագրողների հետ զրույցում, ըստ ադրբեջանական աղբյուրների, ասել էր. «Առանց հրադադարի ռեժիմի պահպանման խաղաղ բանակցություններն անհնար են: Ինչպես դուք գիտեք, ԱՄՆ-ն սատարում է Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերը: Համանախագահները շատ կառուցողական զրույց են ունեցել Իլհամ Ալիևի, պաշտպանության և արտգործնախարարների հետ: Հարցի լուծումը հայկական զորքերի դուրս բերումն է գրավյալ տարածքներից և դրանց վերադարձը Բաքվին, միևնույն ժամանակ՝ Ղարաբաղի կարգավիճակի մասին որոշման նախապատրաստությունը»:

 

Ի պատասխան ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցի, թե վերոնշյալ տեղեկատվությունն Ադրբեջանի հերթական տեղեկատվական-քաղաքական սադրա՞նքն է, թե՞ իսկապես համապատասխանում է իրականությանը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը երեկ այն կարծիքը հայտնեց, որ լրագրողները Ստեփանակերտում այդ հարցը հենց Ուորլիքին տալու և ճշմարտությունը պարզելու հնարավորություն կունենան: Սակայն ինչպես արդեն հայտնի է, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) երեկ Արցախի մայրաքաղաքում հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին:

 

Ի պատասխան մյուս հարցի, թե գոնե դուք պարոն Ուորլիքից պարզեցի՞ք, թե նա իրականում նման հակահայկական տեսակետ արտահայտե՞լ է Բաքվում, թե ոչ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանն այսօր ասաց. «Ուորլիքն այդպիսի հայտարարություն չէր կարող անել, դա ադրբեջանցիների սխալ ու դիտավորյալ մեկնաբանությունն է»:

 

Ուորլիքին պարզաբանում ստանալու նպատակով համապատասխան հարց չտալը Դավիթ Բաբայանը պատճառաբանեց հետևյալ կերպ. «Մենք լուրջ մարդիկ ենք, ամեն մի ադրբեջանական ապուշության մասին չպետք է հարցնենք, պարոն Ուորլիքն ուղղակի չէր կարող այդպիսի բան ասել, բացառված է: Ինքը կարող էր ասել, որ հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի շրջանակում, որը հավասարակշռված մոտեցում է, ուրիշ բան չէր կարող ասել: Ինչո՞ւ մենք ադրբեջանական աննորմալ բաները քննարկենք և առավել ևս բարձրացնեինք պետական բանակցությունների ժամանակ, ամոթ չէ՞ մեզ»:

 

Արթուր Հովհաննիսյան