Լսե՞լ եք վերջին օրերին շրջանառվող այն դարակազմիկ մտքի «մարգարիտը», թե եթե Ադրբեջանը Ռուսաստանից զենք չառներ՝ ուրիշից կառներ: Ես կասեի՝ սա մարդկության պատմության ողջ ընթացքում երբևէ հնչած ամենաանհեթեթ պատճառաբանությունն է ու երբեմնի ամենաանհիմն արդարացումը, որում տրամաբանության տոկոսը զրոյական է: Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ եթե ռուսներից չառնեին ուրիշից կառնեին: Բա ախր հենց ուրիշից էլ պետք է առնեին, հենց դա էլ կլիներ ամենաճիշտը, քանի որ այդ ուրիշն ինքն իրեն չէր համարի Հայաստանի դաշնակից ու բարեկամ, և շատ հայերի կողմից էլ սխալմամբ դաշնակից չէր համարվի: Դա կլիներ նորմալ:
Օրինակ՝ Ադրբեջանը զենք է գնում նաև Իսրայելից, ինչը շատ նորմալ է, որովհետև Իսրայելը մեզ ոչ բարեկամ է, ոչ դաշնակից, ավելին՝ Իսրայելը վարել ու վարում է ակնհայտ հակահայկական քաղաքականություն և դա երբեք չի էլ թաքցրել, նաև Իսրայելը Թուրքիայի ու Ադրբեջանի բացահայտ բարեկամն է ու դաշնակիցը: Նորմալ է ու ազնիվ, երբ բարեկամը բարեկամին զենք է վաճառում: Անազնիվ ու անբարո է, երբ բարեկամդ թշնամուդ է զենք վաճառում, և այդ զենքով սպանում են երիտասարդ զիվորներիդ, խաղաղ բնակիչներիդ: Առնվազն անբարո է:
Այո, թող հենց ուրիշից ձեռք բերին, առնեին այդ զենքը, թեկուզ նույն Իսրայելից կամ Թուրքիայից կամ մեկ այլ երկրից: Թե՞ Ռուսաստանը վախենում է, որ իր զենքն այլ գնորդ չի ունենա, իր բիզնես-շահերը կտուժեն: Հազար ներողություն, բայց ինչո՞ւ և հանուն ինչի՞ մեզ պետք է հետաքրքրեն Ռուսաստանի բիզնես շահերը և հանուն ինչի՞ մենք պետք է ըմբռնումով մոտենանք այդ խայտառակությանը և շարունակենք կուրորեն «սիրել» մեր թշնամուն զինողին: Ինչ-որ շահ ունե՞նք դրա մեջ: Ես այդպես էլ չտեսա այդ շահը:
Եվ այսքանից հետո ամենազզվելին հենց այդ պատճառաբանությունն է, իբրև թե ինչ է եղե՞լ, մեզնից չառնեին՝ ուրիշից կառնեին: Սա ոչ միայն անհեթեթություն էր, այլև ցինիզմի գագաթնակետ: Փաստորեն մարդկային զոհերը, մեր ազգի տված զոհերը «բարեկամի» համար նշանակություն չունեն, կարևորը բիզնես-շահն է:
Որքան էլ ցավալի է, բայց պիտի արձանագրեմ, որ նույնիսկ ԱՄՆ-ն, որին ես համարում եմ երկրագնդի մեծագույն չարիքը, այս դեպքում ավելի բարոյական գտնվեց:
Կարեն Վարդանյան