Ադրբեջանի մարդու իրավունքների գծով լիազոր Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ երկրում իրենց դուստրերին թղթախաղով տանուլ տվող մեծ թվով հայրեր կան:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով faktxeber.com լրատվական կայքը, այս մասին Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարել է այդ երկրի խորհրդարանում «Ընտանիքի ինստիտուտի ձեւավորման մեջ ավանդույթի դերը» թեմայով միջոցառման ժամանակ ունեցած ելույթում:

 

 

Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ Ադրբեջանում արագորեն մեծանում է չգրանցված ամուսնությունների թիվը: Նա նաեւ անհանգստություն է հայտնել ամուսնալուծությունների թվի աճով:

 

 

Նրա խոսքով' ընտանիքի քայքայման պատճառներից մեկը հանդիսանում է թմրանյութերից կախվածությունը եւ մոլի խաղերը:

 

 

Ադրբեջանի օմբուդսմենը դժգոհել է նաեւ Ադրբեջանում մեծ թվով անառականոցներ լինելու կապակցությամբ:

 

 

«Ընտանիքի քայքայման մեջ այդ գործոնը հատուկ դեր է կատարում: Աղջիկները խտրականության են ենթարկվում ընտանիքում: Ինչքան էլ մենք դա հերքենք, բայց իրականությունը դա է: Երբ ընտանիքն իմանում է, որ աղջիկ են ունենալու, նրանք աբորտ են անում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նորածինների 46 տոկոսն են աղջիկներ, ինչը հանդիսանում է մեծ ժողովրդագրական փոփոխությունների պատճառ», -հայտնել է Սուլեյմանովան: