«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում և քաղաքացիական ընդվզում» թեմայով քննարկման ժամանակ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը նշեց՝ չի կարծում, թե պետք է Ռուսաստանի հետ թշնամական հարաբերություններ ունենալ։

 

«Բավականին շահեր կան, որոնք համընկնում են, բայց այդ շահերի վրա պետք է որպես ինքնուրույն սուբյեկտ մասնակցել։ Պատահական չէր, որ խոսվում է կոռուպցիայի մասին։ Մենք պետք է ինքնորոշվենք, մենք պետք է ընտրենք մեր իշխանություններին, որոնք էլ կպայքարեն կոռուպցիայի դեմ։ Իսկ մեր դեպքում Հայաստանի իշխանությունները նշանակվում են Ռուսաստանից։ Նրանց տալիս են արոտավայր՝ կոռուպցիայով զբաղվելու համար։ Մենք դեռ պետք է ինքնորոշովենք»,- ասաց բանախոսը։

 

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում մեր մնալ-չմնալը պետք է որոշենք հստակ հաշվարկների միջոցով։ «Կրկնում եմ՝ մենք պետք է ստեղծենք ազգային իշխանություն և դրանով առաջ գնանք։ Իսկ դեսպանատների դեմ ցույց անելը, օտար կառույցից ինչ-որ բան պահանջելն անհասկանալի է։ Պահանջները պետք է դրվեն իշխանությունների առաջ։ Ավելի լավ կանեին՝ Հովիկ Աբրահամյանի ճանապարհը փակեին, որպեսզի Մոսկվա չգնար»,- շեշտեց Դանիելյանը։

 

Նա օրինակ բերեց, որ օտար երկրների ներկայացուցիչների հետ շատուշատ հանդիպումների ժամանակ հնչում է հետևյալ միտքը՝ մենք ձեզ հետ ինչ քննարկենք, մենք Մոսկվայի հետ կքննարկենք։ «Մենք պետք է մեր իշխանություններից պահանջենք։ Ես կարծում եմ՝ հայերն ունեն այն ներուժը, որով կկարողանանք հսկայական արդյունքների հասնել։ Սակայն դա փոշիացվում է կոռումպացված մի մարդկային խմբի կողմից։ Ես ռուսներին չեմ մեղադրում, միայն մեզ եմ մեղադրում»։