Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոնում միջուկային գագաթաժողովին մասնակցությունն ապահովել է ամերիկյան լոբբիստական Podesta Group հայտնի ընկերությունը: Այդ ընկերության ջանքերով է կազմակերպվել նաև Ալիևի հանդիպումը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ «առավելագույն ձեռնտու մթնոլորտ ապահովելու նպատակով Բաքուն օգտվել է լոբբիստական խմբերից»:

 

Ըստ «Թուրան»-ի՝ Podesta Group-ի մեծ ջանքերով է, որ Ալիևի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Պետքարտուղարը և ԱՄՆ-ի մյուս առաջնորդները բացահայտ ձևով չեն քննադատել Ադրբեջանում իրավունքի և ազատությունների խեղդվելու փաստերը, գլխավորապես «Ազադլըգ» ռադիոկայանի փակումը:

 

Երկու տարբեր աղբյուրներ «Թուրան»-ի թղթակցին հայտնել են, որ լոբբիստները «անասելի համառություն» են ցուցադրել Քերի-Ալիև հանդիպումը կազմակերպելու համար:

 

Չնայած Իլհամ Ալիևի այցը կապված է եղել միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցության հետ, դրան օգնել է Ադրբեջանի դեսպանատան և Ամերիկայի առաջատար Podesta Group ընկերության միջև կնքված գործարքը, հայտնել է «Թուրան»-ը:

 

Ադրբեջանական լրատվական գործակալությունը նշում է, որ Podesta Group լոբբիստական խումբը երաշխավորում է Ադրբեջանի իշխանության ելքը Վաշինգտոնում դեպի որոշ ազդեցիկ անձինք: Այդ ծառայությունների արժեքը ամսական 50 հազար դոլար է:

 

«Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցից հետո Ադրբեջանի դեսպանատունը շտապել է «լրացուցիչ ծառայության» ստանալու նպատակով Podesta Group-ի հետ 70 հազար դոլար մեծության նոր պայմանագիր ստորագրել:

 

Պետքարտուղարության նյութերի համաձայն՝ լոբբիստները պետք է լրացուցիչ ծառայություններ կատարեն 2016 թվականի ապրիլի 6-ից մինչև 2016 թվականի հուլիսի վերջ»,- հայտնում է «Թուրան»-ը՝ նշելով, որ Podesta-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը:

 

Podesta Group-ի ղեկավարներն են Թոնի և Ջոն Պոդեստաները: Թոնի Պոդեստան Հիլարի Քլինթոնի նախագահական արշավի մասնակից է, իսկ Բարաք Օբամայի նախկին խորհրդական Ջոն Պոդեստան Հիլարի Քլինթոնի ընտրական արշավի ղեկավարն է: