Հայադարձ հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի կոչը հայ ժողովրդին.
Սիրելի հայրենակիցներ,
Վերջերս հաճախ եմ լսում շատ ընկերներից այնպիսի կարծիքներ, որ «միևնույն է, իրենք դնելու են, ում ուզում են»: Հայաստանի քաղաքացիներն առանձին-առանձին կարող են պարտվել, հուսահատվել, ինչքան էլ առաջադեմ մտածեն:
Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Դուք եք դնում մեր երկրի ղեկավարին: Քանի որ, եթե շարունակեք այսպես մտածել, ապա ինքներդ կդառնաք Ձեր դժբախտության հեղինակը: Իսկ ես չեմ ուզում, որ իմ աչքերի առջև իմ սիրած երկրի քաղաքացիները սեփական կամքով մատնեն հայրենիքը կորստի, անխնա թալանի, ապօրինի համակարգի և արտագաղթի: Միայն այն պատճառով, որ իրարից մեկուսացած լինելով չեն հավատում, որ իրենք են այս երկրի տերը:
Ուրեմն, հիմա կանգ առեք մի պահ: Հայաստանում ունենք հուսահատված մարդկանց զանգված, որոնք մեկը մյուսից հետո որոշում են լքել մեր հայրենիքը: Լքում են, որովհետև երկրի տնտեսությունը քանդվում է, ազգային գույքը թալանվում կամ փչացվում է: Լքում են, որովհետև ի հակառակ ՀՀ Սահմանադրության, ժողովրդի փոխարեն իրականում իշխում է մի քանի օլիգարխ, իսկ ապրելու, աշխատելու և տնտեսությամբ ազատ զբաղվելու պայմանները ապօրինի միջոցներով սահմանափակվում են: Մյուս կողմից ունենք զանգվածային ընտրակեղծիք իրականացնող մեխանիզմներ. վախեցնելու, կաշառելու տարբեր ձևերով, ինչպես նաև կյանքից կամ երկրից հեռացած անձերի անուններից չարաշահող, տասնյակ կեղծ անձնագրեր ունեցող հանցագործների խմբեր:
Սակայն մենք ունենք նաև սեր՝ մեր հայրենիքի, մեր հողի և մեր զավակների հանդեպ: Եվ ունենք թեկնածուներ, որոնք չեն կաշառում մարդկանց, այլ իրենց նախընտրական ծրագրով և իրենց անձնավորությամբ են հանդես գալիս:
Սույն կոչով ուզում եմ բոլորիդ համոզել, որ եթե ամբողջ Հայաստանը վեր կենա և մասնակցի ընտրություններին, ՈՉ ասելով կաշառք տվողին և վախեցնողին, մեր ձայնը տալով մեր նախընտրած թեկնածուին, ում կվստահեինք մեր երկիրը և մեր սերունդը, ապա անհնար կլինի կեղծել ընտրությունները, և ապօրինի կազմը ստիպված կլինի հեռանալ: Եթե բոլորս էլ ներկա լինենք, ապա հաստատ հաղթելու ենք:
Ուստի կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց, որ ամբողջ Հայաստանը մի օրով միացնելով, գնան ընտրություններին և մինչ այդ օրն իրենց բոլոր հարազատներին և ընկերներին էլ համոզեն, որ նույնպես գնան ընտրելու: Կոչ եմ անում, որ տարածեք այս լուրը ամբողջ Երևանում, Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում բնակվող ընտրողներին:
Միանում եմ հայտնի գրող Վահրամ Մարտիրոսյանի կարծիքին՝ «Իրենք հաղթում են, որովհետև հաղթել են մեր գլխում:» Սիրելի հայրենակիցներ, որոշում կայացրեք Ձեր գլխում, որ այս անգամ բոլորս միասին մեր երկրի տեր ենք կանգնելու:
Եթե ամեն հայաստանցու գլխում հայ ժողովուրդն է հաղթում, ապա նաև իրականության մեջ հայ ժողովուրդն է հաղթում: Եկեք չթողնենք, որ ընտրությունները վերածվեն ընդամենը զավեշտախաղի: Դուք բոլորդ էլ պետք եք, որ իրական անձերի թիվը գերազանցի կեղծ անձնագրերով շինծու ընտրողների թիվը:
Ճշմարտությունը հաստատ հաղթում է: Այսօր եկել է ճշմարտության օրը: Չկա այնպիսի թշնամի, որ կարող է դիմադրել, եթե բոլոր ազնիվ հայերը համախմբվեն:
Եթե նույնիսկ հինգ հատ կամերա տեղադրեն ապօրինաբար յուրաքանչյուր ընտրախցիկում (ինչ ես չեմ կարծում). եթե ամբողջ Հայաստանն արտահայտի սեփական կարծիքը, ոչ թե վախից և կաշառքից բխածը, ապա միևնույն է՝ կա՞ տեսախցիկ, թե՞ ոչ. ապօրինի տեսախցիկների տերերը նույն երեկոյան արդեն փախչելու են:
Հիմա բոլորդ վեր կացեք և տարածեք լուրը. փետրվարի 18-ին առանց բացառության բոլոր հայ ընտրողները քվեարկելու են ըստ իրենց սրտի, բոլոր վախերից ազատված, հակառակ կաշառակերության համակարգի:
Բոլորս միասին՝ արդար Հայաստանի օգտին: