Մեր առաջիկա գործունեությունը միտված է լինելու մեզ ձայն տված քաղաքացիների վստահության ամրապնդելուն և մեր օգտին չքվեարկած քաղաքացիներին ավելի հասկանալի դառնալուն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նշենք, որ երեկ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանը պարտություն կրեց։

 

«Որպես ԱԺ պատգամավոր՝ ներողություն եմ խնդրում այն հազարավոր հրազդանցիներից, ովքեր իրենց սոցիալական վիճակի, քաղաքացիական հուսահատության բերումով ստիպված էին ընտրություն կատարել փողի և վարչական հարկադրանքի ներքո։ Շնորհակալություն եմ հայտնում քարոզչական խմբերին, ենթաշտաբերի ղեկավարներին, մեր ընտրարշավին նյութական, իրավական և տեխնիկական աջակցություն ցուցաբերած բոլոր անձանց։ Այս ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանի օգտին քվեարկած ոչ մի քվե չի կորսվել։ Սա համարում եմ ՔՊ-ի, տարածքային կառույցների և վարչության քաղաքական վստահելիության անհերքելի վկայություն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սասուն Միքայելյանին, որ իր առաջադրմամբ հրազդանցիներին տվեց ընտրության հնարավորություն։ Ինձ համար մեծ պատիվ էր նրա շտաբը ղեկավարել։ Ես սիրեցի Հրազդանը և հրազդանցիներին»,- ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ ընտրությունների արդյունքներն ընդունում են ի գիտություն. «Մեզ համար ակնհայտ է, որ ժողովրդավարական հանրությունում հնարավոր չէ փոփոխությունների հասնել առանց հասարակության մեծամասնության աջակցության, այսինքն՝ հանրության 50+1 տոկոսի։ Այսօր մենք արձանագրում ենք, որ Հրազդանի հանրության 50+1 տոկոսը նման պատվեր մեզ չի տվել, մենք դա ընդունում ենք ի գիտություն։ Ես ձեզ ասեմ՝ նման դեպքերում ընդունված է մեղադրանք հնչեցնել քաղաքացիների հասցեին, բայց ես նման բան չեմ անի»։

 

Փաշինյանը հավելեց՝ իրենք իրենց բաժին պատասխանատվությունն ունեն սրանում։ իսկ Սասուն Միքայելյանին տրված ոչ մի ձայն, Փաշինյանի հավաստմամբ, չի կորսվել, չի գողացվել. «Լցոնումներ չեն եղել, հայտնի կեղծիքներ չեն եղել, կրկնակի քվեարկություններ չեն եղել, որովհետև այն մեխանիզմը, որը մենք ներդրել էինք, բացառում էր նման դեպքերը։ Նույն բանը վերաբերում է այլ տեղերից բերված մարդկանց քվեարկություններին»։