Ռուսաստանն Ադրբեջանին զենք վաճառելու անթույլատրելի իր քայլը համառորեն փորձում է արդարացնել այն անհիմն ու անհեթեթ պատճառաբանությամբ, թե իբրև այդպիսով նա կարող է Ադրբեջանը պահել իր վերահսկողության տակ: Իհարկե, պարզ է, որ ավելի հիմար պատճառաբանություն չակերտավոր «ռազմավարական դաշնակիցները» մտածել չէին կարող, բայց անցած գիշերվա միջադեպը ևս մեկ անգամ ապացուցեց ռուսական կողմի պատճառաբանության անհեթեթությունը: Բանն այն է, որ գիշերն ադրբեջանական կողմը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ արեց, և դա այն դեպքում, երբ վերջին օրերը հանդիպումների օրեր էին, երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այցելեց Հայաստան, ապա՝ Ադրբեջան, երբ ՌԴ փոխվարչապետ տխրահռչակ Դմիտրի Ռոգոզինն իր հայտարարությունն արեց, ապա՝ պարզաբանեց, երբ օրերս Հայաստան այցելեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Էլ չեմ խոսում այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն անձամբ կոչեր արեց իրավիճակը չսրելու և հենց Ռուսաստանի իշխանությունների միջամտությամբ իբրև թե հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց…
Եվ ընդամենն օրեր անց Ադրբեջանը նորից դիվերսիայի փորձ է անում: Սա պարզապես նշանակում է, որ Ադրբեջանը թքած ունենա նաև Ռուսաստանի ղեկավարների վրա, և որ իրականում Ռուսաստանը ի վիճակի չէ իր վերահսկողության տակ պահել Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե զենք կվաճառի նրան, թե ոչ, հակառակ դեպքում չէր լինի դիվերսիայի վերոհիշյալ փորձը: Ստացվում է, որ անվտանգության մասին այն բոլոր պատկերացումներն ու պատկերները, որ հորինվել են ու մեզ մատուցվել, իրականում փուչիկ են, և ոչ Ռուսաստանը, ոչ էլ ՀԱՊԿ-ն իրականում չեն կարող ըստ ներկայացվածի ապահովել անվտանգությունը տարածաշրջանում, քանի որ նույնիսկ նրանց խոսքն արժեք չունի Ադրբեջանի համար, ու դա փաստ է:
Ես ամենևին չեմ ուզում ասել, որ մեզ պետք չէ համագործակցությունը Ռուսաստանի հետ: Խոսքս իրատեսական լինելու և այդ համագործակցության մեջ մեր դիրքերը լավացնելու և նաև պահանջողի դեր ստանձնելու անհրաժեշտության մասին է: Դե եթե Ռուսաստանը հանձն է առել, որ կվերահսկի նաև Ադրբեջանին, ուրեմն թող վերահսկի. ինչո՞ւ չի կարողանում: Թե՞ միգուցե ստում է հանուն իր բիզնեսի:
Կարեն Վարդանյան