Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ «չորսօրյա պատերազմ» սանձահարելով Ղարաբաղում, մեծ կորուստներ տալով և չհասնելով ոչնչի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտասահմանից հեռարձակվող «Ազերբայջան սաաթը» (Ադրբեջանի ժամ) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Meydan TV-ի մշտական հեղինակ Ռամիս Յունուսը:
Ադրբեջանցի փորձագետի խոսքով՝ այդ պատերազմի պատճառը հանդիսանում է պատերազմից մեկ օր առաջ Panama Papers-ում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների օֆշորային միլիարդավոր կոռուպցիոն դոլարների վերաբերյալ քննարկումից հանրության ուշադրությունը շեղելու իշխանությունների ցանկությունը:
«Իլհամ Ալիևի 12 տարվա իշխանության գլուխ եղած ժամանակաշրջանում Ադրբեջանում ոչ միայն ոչինչ դեպի լավը չի փոխվել, այլև հակառակը, շատ հարցերում ավելի վատ է դարձել, այդ թվում՝ սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում: Ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով, երկրում սաղմնային վիճակում ճնշվում է այլախոհությունը, քաղաքացիական հասարակությունը գրեթե ոչնչացված է, իշխանության բոլոր կառույցները վերից վար կոռումպացված են, բյուջեն գողացվում է, միլիարդավոր նավթադոլարները նստում են Ալիևների ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի բանկային հաշիվների վրա: Հենց այդ գողացված փողերն են ներդրվում օֆշորային ընկերություններում: Եվ հենց այդ իրավիճակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերջին էսկալացիան:
Դրան զուգահեռ, բանական հարց է ծագում. ո՞ւմ էր պետք ոչ մի հաղթանակի չբերած, բայց Ադրբեջանի համար զգալի մարդկային կորստի վերածված այդ չորսօրյա ամբողջ «ուռա-հայրենասիրությունը»: Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովին կատարել բազմիցս հայտարարած՝ «Ղարաբաղը կգրավենք» խոստումը: Եթե որևէ մեկը մոռացել է, ասեմ, որ այդ մարդը, որը ժամանակին հանդիսանում էր Ներքին զորքերի գլխավոր հրամանատարը, ժողովրդի հիշողության մեջ մնացել է նրանով, որ կառույցի ուժերն օգտագործել էր 2003 և 2005 թվականներին երկրում բնակչության հետընտրական զանգվածային բողոքները ճնշելու համար՝ անողոքաբար հաշվեհարդար տեսնելով ցուցարարների հետ:
Ինձ համար ամոթալի էր, երբ այդ անիմաստ պատերազմում մեր երիտասարդների զոհվելու ժամանակ բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները տպագրում էին Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի լուսանկարները, որոնք զբաղվում են իրենց երկրի թալանով և թաքցնում են փողերն արտասահմանում: Եվ դա մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Ամոթ և խայտառակություն: Եվ դրանից հետո նա ցինիկորեն շարունակում է ուռա-հայրենասիրական հայտարարություններ անել Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում բոլորը վերջնականորեն հասկանան, որ այդ ընտանիքը Ղարաբաղի թեման օգտագործում է միայն իր իշխանությունը պահպանելու համար»,- ընդգծել է փորձագետը:
Այն հարցին, թե ո՞վ պետք է պատասխան տա մարտական գործողություններում Ադրբեջանի ունեցած հարյուրից ավելի մահացած և 500-ից ավելի վիրավոր կորստի համար Ռամիս Յունուսն ասել է. «Եկեք իրերը կոչենք իրենց անունով: Իլհամ Ալիևն ու նրա ռեժիմը ամենաիսկական հանցագործություն են կատարել մեր ժողովրդի հանդեպ: Գուցե նման մարդկային կորուստներն արդարացված լինեին, եթե մեր դրոշը ծածանվեր Շուշիում, կամ գոնե մի քանի շրջան վերադարձվեր: Բայց չէ որ ոչինչ չկա, չորսօրյա պատերազմը ռազմական առումով ոչ մի առավելություն էլ չբերեց, այլ հակառակը, այդ օրերին մեր զինվոր ների մեծ թվաքանակ զոհվեց, որոնց թվում կան նաև 18-ամյա տղաներ: Ո՞վ է նման երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Իսկ ինչքան ցինիզմ էր համակել իշխանամետ ԶԼՄ-ներին: Սարսափելի է...Այդքան մարդ է զոհվել, իսկ այդ ԶԼՄ-ները շարունակում են հաղթանակ տոնել, կարծես մենք վերցրել ենք Ղարաբաղը: Այն, ինչ արեց Իլհամ Ալիևը և նրա շրջապատը, այլ կերպ, քան հանցագործություն, հնարավոր չէ անվանել: Եվ դրա հետ միասին այդ ռեժիմը ցանկանում է հասարակության ուշադրությունը շեղել Ղարաբաղում այդ ողբերգությունից, և ամբոջ աշխարհում քննարկվող Ալիևի ընտանիքի կողմից օֆշորներում փողերի լվացման թեմայից:
Կրկնում եմ. այն, ինչ տեղի ունեցավ այդ 4 օրերին, հանդիսանում է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իսկական հանցագործություն, որովհետև մեր զինվորներն ու սպաները զոհվեցին ոչ մի բանի համար»,- ամփոփել է ադրբեջանցի փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում