«Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավար Արման Բոշյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս գրեթե ամենուր հնչող այն կարգախոսին, թե «Մենք ենք մեր երկրի տերը», իր այն համոզմունքը հայտնեց, որ մեր երկրի տերը հայ զինվորն է. այդ նա՛ է հսկում մեր հողի ամեն մի կտորը, նա՛ վեր է դասում պետական շահը ներքին տարաձայնություններից։

 

 

«Նա՛ է մեր երկրի իսկական տերը,- շարունակեց Արման Բոշյանը:- Հայ զինվորը հարցազրույցներ չի տալիս, խորամիտ ստատուսներ չի գրում սոցիալական ցանցերում, բայց հենց նա է մեզ բոլորիս հնարավորություն տալիս դրսևորել մեզ թիկունքում և կառուցել երկիրը։ Եթե նա մի պահ անգամ կասկածեր, որ Հայաստանն ապագա ունի, մենք բոլորս չէինք լինի։ Նա՝ հայ զինվորը, հնարավորություն է տալիս մեզ ավելի լավը դարձնելու երկիրը, և նաև հնարավորություն տալիս, որ ինքներս ավելի լավը դառնանք»։

 

 

Ըստ մեր զրուցակցի՝ վերլուծաբանները, հասարակական գործիչները, քաղաքական գործիչներն ու քաղաքագետները, մի խոսքով՝ տեղեկատվական պատերազմի բոլոր մասնակիցներս պետք է հիշենք դա ամեն Աստծու օր։

 

 

«Մենք պետք է ամեն օր շնորհակալություն հայտնենք նրանց մեր աշխատանքով, ջանանք արդարացնել մեր նկատմամբ նրանց վստահությունը,- ասաց Արման Բոշյանը:- Հայաստանում անկասկած կա հարգանք բանակի նկատմամբ, բայց այն պետք է ավելի մեծանա։ Հայ զինվորի նկատմամբ հարգանքն ու սերը պետք է դառնա պետական քաղաքականության մաս»։

 

 

Իր խոսքն ուղղելով մեր կողմից տեղեկատվական ճակատում գտնվողներին, «Երևանի աշխարհաքաղաքական ակումբի» ղեկավարն ասաց.

 

 

«ԶԼՄ-ների ներկայացուցիչները, մենք բոլորս պետք է հիշենք, որ ապրում և աշխատում ենք հայ զինվորի՝ հայոց հողի պաշտպանի արիության շնորհիվ։ Չի կարելի մեզ վարկաբեկելու առիթ տալ թշնամուն։ Այն ամենը, ինչ մենք անում ենք, կարդում է հակառակորդն ու ուշադրության առնում։ Մեր բանակում, հետախուզության և հակահետախուզության մեջ, ինչպես և ցանկացած այլ երկրում, կան հարցեր և չլուծված խնդիրներ, բայց հայկական բանակին ցանկացած առումով և առիթով մեղադրելու որոշ ԶԼՄ-ների վերլուծաբանների փորձերն արդարացում չունեն, քանզի Հայոց բանակն ապացուցեց, որ ծառայում է ժողովրդի շահերին, իսկ պետական շահը միասնականություն է պահանջում։ Յուրաքանչյուր հասարակական գործիչ հնարավորություն ունի ազդել գործընթացների վրա պետական գործերի քննարկումներին անմիջական մասնակցությամբ և ներկայացնել իր առաջարկությունները և որոշակի լուծումները պաշտպանության նախարարությանը։ Մենք չպետք է աղբը տնից դուրս բերենք։ Բանակի քննադատությունը' հաճախ անհիմն ու նրան վարկաբեկելու և խայտառակելու փորձերի հասնող, ավելի նման է հնարավորինս շատ դիտումներ հավաքելու ձգտման։ Շատ դիտումներ կլինեն, բայց հակառակորդի մամուլում…»:



Արման Բոշյանի համոզմամբ, մեր խնդիրն է բոլորին ցույց տալ ներքին միասնականություն, որը պետք է բարձրացնի մեր մարտիկների ոգին, և որը պետք է գիտակցի ու զգա թշնամին։

 

 

Արթուր Հովհաննիսյան