Եթե վերջին օրերին քննադատությունների սլաքները հիմնականում ուղղվում են դեպի Ռուսաստան (և դա՝ հենց Ռուսաստանի մեղքով), դա ամենևին էլ չի նշանակում, որ Արևմուտքն ու արևմտյան մի շարք անիմաստ կառույցներ սրբացվեցին և մոռացվեց նրանց անիմաստության մասին: Օրինակ` իր ադրբեջանամետությամբ արդեն աչքի ընկած ԵԽԽՎ-ն իր հերթին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանաձև է ընդունել, որի բովանդակությունը շարադրելը կամ մեկնաբանելը պարզապես անհնար ու անիմաստ է, որովհետև այնտեղ բովանդակություն էլ չկա: «Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի…», «Մենք կոչ ենք անում կողմերին…» և նմանատիպ մի շարք այլ ծեծված ու հոգնեցրած արտահայտություններ, որոնք միասին մի թղթի վրա որոշակի հաջորդականությամբ դրվելով կազմել են հերթական այս անդեմ բանաձևի տեքստը, բանաձև, որը մեզ ոչինչ չի ասում ու ոչինչ չի տալիս:

 

 

Այո, գիտենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, առաջ էլ գիտեինք ու երևի հազար ու ավելի անգամ էլ դա լսել էինք: Գիտենք նաև, որ այսօր ով քնից արթնանում՝ կողմերին կոչ է անում, ու հատկապես՝ կողմերին, որովհետև բոլորը թքած ունենան այն բանի վրա, որ հրադադարի պայմանավորվածություն խախտողը միշտ Ադրբեջանն է: Պարզապես խնդիր կա հավասարության նշան դնելու, և ԵԽԽՎ-ն ու մյուս բոլոր ձևական կառույցները ռոբոտի նման ու իրենց բանականությունն անջատած վիճակում մեքենայաբար կրկնում են նույն ձայնագրած արտահայտությունները, կոչ են անում կողմերին: Թող անեն որքան ուզում են, դրանից ոչինչ չի փոխվում:

 

 

Բայց դրանից մենք, այնուամենայնիվ, մի վնաս ունենում ենք, դա ժամանակի կորուստն է: Հիմա մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների մի մասը կսկսի վերլուծել, մեկնաբանել այդ բանաձևը, գործիչներ, կազմակերպություններ կսկսեն առաջիկա օրերին իրենց մտավոր ներուժը վատնել այդ բանաձևը քննարկելու վրա՝ առանց նույնիսկ մտածելու, որ իրականում գործ ունենք բուտաֆորիկ, փուչիկ մի կառույցի հետ, որի ընդունած բանաձևերն անգամ իրավական ուժ չունեն, հետևաբար չեն կարող երբևէ իրավիճակ փոխել:

 

 

Այնինչ, առջևում մեզ ավելի կարևոր մարտահրավերներ են սպասում, կոնկրետ բանակցություններ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որոնք այսօրվա դրությամբ մեզ լավ բան չեն խոստանում: Հետևաբար ցանկալի է, որ մեր ներուժը կիրառենք ճիշտ ուղղությամբ, ոչ թե վատնենք անիմաստ բաների վրա:

 

 

Կարեն Վարդանյան