Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար:
«Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը, այլ նաև՝ կյանքը: Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին այդպես էլ դրսևորեցիք ձեզ՝ մեծ պատրաստակամությամբ ներդնելով ձեր ողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Այս պահին ինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, և մոտակա ժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվել առաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես ևս մեկ անգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ու հայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մեր մանուկների խաղաղությունը: Այդ պատճառով հորդորում եմ բոլորիդ, որ մեր ամբողջ կարողությամբ աշխատենք հանուն Արցախի անվտանգության ամրապնդման»,- ասել է վարչապետը:
Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է վարչապետին ընթացիկ իրավիճակի մասին՝ ներկայացնելով ՊԲ-ի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները: Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման և տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին:
Ա. Հարությունյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, և կառավարությունը համապատասխան միջոցներ կտրամադրի ընկերություններին՝ աշխատանքների ժամանակին և արդյունավետ կազմակերպման նպատակով: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմինների ղեկավարներին՝ սերտ համագործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Գործադիր մարմնի ղեկավարը, կարևորելով համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման նշանակությունը, տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին