«1915 թվականին տասնյակ հազարավոր երեխաներ և հայ կանայք սպանվեցին, վաճառվեցին: Կարելի է ասել՝ նրանց հոգիները գողացան: Սա մի իրավիճակ է, որը մեզ ամաչեցնում է, և մենք պետք է փրկվենք այդ ամոթից»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց մարդու իրավունքների ակտիվիստ և թուրք գիտնական Սայիթ Չեթինօղլուն:

 

Գիտնականն անդրադարձավ Թուրքիայի մեջլիսում Գարո Փայլանի ելույթին (Փայլանը հերթով ցույց էր տալիս հարյուր տարի առաջ զոհ դարձած պատգամավորների լուսանկարները - խմբ.) և այն կարևոր, բայց կիսատ քայլ որակեց:

 

«Թուրքիայում կա Ստեփան Նշանյան անունով մի գրող, ով երեսունուկես տարի է, ինչ բանտում է: Այժմ Նշանյանի վիճակը շատ չի տարբերվում այն վիճակից, որում գտնվում էին մտավորականները 1915 թվականի ապրիլի 24-ին: Ես անհանգստանում են իմ ընկերոջ կյանքի համար: Միաժամանակ, մենք գիտենք, որ Ազգային ժողովի այդ շենքը կառուցված է հային պատկանող տարածքի վրա, վարչապետի և էրդողանի նստավայրերի տարածքները ևս հայերին են պատկանել: Այսօր կան մարդիկ, ովքեր իրենց գույքը, հարստությունը դիզել են հայերից խլած ունեցվածքով: Ես կարծում եմ՝ այժմ դրա դեմ խոսելը մարդկության պարտքն է»,- ասաց թուրք մտավորականը, ով ընդունում է, որ անարդարություն է տեղի ունեցել և 1915 թվականին հայ բնակչության 20-25 տոկոսը կոտորվել է:

 

Սայիթ Չեթինօղլուի խոսքով՝ իր երկրում իրեն նույնիսկ չեն թողնում կոնֆերանսների մասին մասնակցել՝ որպես զեկուցող: Նրան նույնիսկ միջոցներ չեն տրամադրում կոնֆերանսներ կազմակերպելու համար: