Հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տալու իր նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացնել: Հայոց ցեղասպանության հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Դրա գրավականը Հայաստանի և Արցախի գոյությունն է: Դրա գրավականը մեր վերածնունդն է: Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը ոչ թե սուգ է խորհրդանշում, այլ՝ վերածնունդ: Մենք այլևս վերածնված ենք և վերածնված ենք նաև մեր այն հերոս տղաների շնորհիվ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն հայրենիքի և ովքեր գնացին Վարդանանց ճանապարհով' դեպի անմահություն»,- նշեց նա:

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե Արցախում վերջին իրադարձություններից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը երկրորդ պլան է մղվել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարծում եմ, որ ճանաչման գործընթացը երկրորդ պլան չի մղվել, որովհետև թե ճանաչման գործընթացը, թե Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերջ դնելը, թե Արցախի միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության ամենակարևորագույն և առանցքային հարցերն են»:

 

ՀՀ ԱԺ փոխնախագահը հավելեց, որ առանց անցյալի ցեղասպանությունները դատապարտելու' մենք չենք կարող սերունդների համար ապահովել անվտանգ ապագա: «Մենք պետք է պայքարենք, որ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունը հայ և այլ քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դատապարտվի, որովհետև լավագույն կանխարգելիչ միջոցը դատապարտումն է: Դուք տեսնում եք, որ տարեցտարի թե ճանաչման գործընթացն է ակտիվանում, թե ժխտողականությունը քրեականացնող օրինագծերն են ավելանում, բայց քանի դեռ մի շարք մեծ տերություններ չեն ճանաչել Ցեղասպանությունը, քանի դեռ միջազգային հանրությունը իր հստակ խոսքը չի ասում, Թուրքիան շարունակում է իր լկտի քաղքականությունը: Թուրքիան այս պահին էլ շարունակում է լինել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության աջակիցը»:

 

Շարմազանովի խոսքով' հայ ժողովրդի գլխավոր դաշնակիցը հենց ինքը հայ ժողովուրդն է և Աստված: «Մենք պետք է աղոթենք առ Աստված և մի բան հասկանանք, որ մեր քրիստոնեական հավատը և մեր ազգային միասնությունն են մեր առաջին դաշնակիցները: Իսկ դաշնակիցներ մեզ պետք են, բայց յուրաքանչյուր երկիր դաշնակցում է' ելնելով իր ազգային և պետական շահերից: Իհարկե, մենք պետք է փնտրենք դաշնակիցներ, գտնենք փոխգործակցության եզրեր, բայց պետք է գիտակցենք, որ հայ ժողովրդի փրկությունը մեր միասնության մեջ է»,-շեշտեց նա: