Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Աղֆանստանի բնակիչ, 1984թ. ծնված Աբդուլսալամ Մուրադի Մեհմեդռեհիմը չունենալով Թուրքիայից Հայաստան մուտք գործելու համար նախատեսված փաստաթուղթ, 2015թ. օգոստոսի 4-ին, ժամը 14:20-ի սահմաններում Արարատի մարզի Արմաշ համայնքի վարչական տարածքին հարակից հատվածով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել ՀՀ տարածք, որտեղ 12-րդ սահմանային ուղեկալի 36-րդ հատվածից 300մ հեռավորության վրա բռնվել է սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

 

 

Աբդուլսալամ Մուրադի Մեհմեդռեհիմն ազգությամբ թուրքմեն, իր ասելով' քաղաքացիություն չունի, զբաղվել է գորգագործությամբ, դարձյալ իր ասելով' ամուսնացած է, խնամքին երեք երեխա, նախկինում Հայաստանի Հանրապետությունում չդատված, բնակվել է Աֆղանստանի Ախչա քաղաքի Շիբերեղան հասցեում: Նախնական կալանքի տակ է 2015թ. օգոստոսի 4-ից, այս տարվա փետրվարին գտնվում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հիմա էլ գուցե դեռ այնտեղ է:

 

 

Վերը նշված արարքի համար Աբդուլսալամ Մեհմեդռեհիմին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի («Պետական սահմանն ապօրինի հատելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջով ընտրվել է կալանքը: Սահմանախախտը մեղադրանքն ամբողջ ծավալով կամովին ու գիտակցաբար ընդունել է: Հաշվի առնելով նաև այս հանգամանքը, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (Նախագահությամբ' դատավոր Լ. Արազյանի) Աբդուլսալամ Մուրադի Մեհմեդռեհիմիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով: