Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ կրկին քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Փաստորեն, մի կողմից նախագահը քիչ համարելով վերջին հարցազրույցում իր հղած հստակ մեսիջները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ևս մեկ անգամ ԱՄՆ-ին է ուղիղ ասում, որ բանակցային գործընթացին մեծ վնաս են հասցնում Բաքվի անպատասխանատու քայլերը՝ կրկին ակնարկելով, որ ժամանակն է իրերն իրենց անուններով կոչելու և երկու կողմերի միջև հավասարության նշան դնելը դադարեցնելու: Մյուս կողմից էլ սա կարելի է ընկալել նաև որպես անուղղակի մեսիջ Մոսկվային առ այն, որ որքան վերջինս թերանա իր դաշնակցային պարտավորությունները կատարելու մեջ և շարունակի սիրաշահել Ադրբեջանին, այնքան Հայաստանը կարող է ավելի շատ հաշվի նստել Արևմուտքի հետ:

 

 

Ընդհանրապես կարելի է նկատել, որ ամեն անգամ երբ «ռազմավարական դաշնակիցները» սկսում են կասկածելի և մեզ ոչ ձեռնտու վարք ցուցաբերել, իշխանությունները փորձում են ակտիվացնել իրենց շփումներն այլ կողմերի հետ՝ կարծես թե հասկացնելով «դաշնակցին», որ իրենք չեն կարող լինել միակն ու անփոխարինելին: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ ակնարկների փոխարեն մենք ավելի համարձակ կերպով կարողանայինք ամեն անգամ բացահայտ դա հասկացնել և պաշտպանել մեր շահերը, (չնայած արդարության համար պետք է ասեմ, որ վերջերս նման դեպքեր էլ եղավ), սակայն միջազգային քաղաքականության մեջ ակնարկների լեզուն էլ միշտ լավ հասկանալի է լինում:

 

 

Ամեն դեպքում իշխանությունները պետք է գիտակցեն, որ այս փուլում անհրաժեշտ է վճռականություն դրսևորել և թե՛ հյուսիսային, ու թե՛ արևմտյան գործընկերների մոտ հանդես գալ ոչ թե ստորադաս, այլ՝ պահանջողի դիրքերից:

 

 

Կարեն Վարդանյան