Վերջապես տեղի ունեցավ զտումը, ԲՀԿ-ից ու նախկին ԲՀԿ-ից զտվեցին մաքուր ու զուլալ «քոչարյանականները» և հերիք չէ՝ համախմբվեցին, դեռ մի հատ էլ նպատակ դրեցին բոլորիս համախմբել իրենց շուրջ, ավելի շուտ՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ, որովհետև իրականում հավաքվել են Քոչարյանից էլ է՛լ ավելի «քոչարյանական» մարդիկ: Իսկ մենք ասում էինք, թե ի՞նչ է անում Քոչարյանն այն ժամանակ, երբ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը հանդիպում են, ազգն էլ համախմբվում է: Ի՞նչ պետք է անի, ինքն էլ է համախմբում, պարզապես ոչ թե Սարգսյանի ու Տեր-Պետրոսյանի շուրջ, այլ՝ իր շուրջը: Համախմբումն այս անգամ Քոչարյանը կփորձի անել «Համախմբում» կուսակցության միջոցով, որն արդեն «համախմբեց» քոչարյանամետ այնպիսի գործիչների, ինչպիսիք են Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Երվանդ Բոզոյանը և այլք: Եվ հետաքրքիրն ի՞նչն է, որ իր տարածած հայտարարության մեջ նորաստեղծ կուսակցությունն ասում է, որ իրենք ո՛չ իշխանություն են, ո՛չ էլ ընդդիմություն: Ծանոթ ձեռագիր է, չէ՞. ժամանակին մեկ այլ կուսակցություն էլ էր նման կերպ սկսել, և դա Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած համախմբման առաջին անհաջող փորձն էր: Խոսքս ԲՀԿ-ի մասին է, որտեղ ներդրված էին ակնհայտ քոչարյանական մարդիկ՝ ի դեմս Վարդան Օսկանյանի և մյուսների, ինչպես նաև այդ ուժին կցվել էին որոշ քոչարյանամետ լրատվամիջոցներ՝ ի դեմս նրանց ղեկավար քաղաքագետների: Այսօր, կարելի է ասել, ամեն ինչ վերջնականապես զտվեց, ԲՀԿ-ն մնաց այլևս առանց «քոչարյանականների»: Վերջիններս դուրս եկան ու համախմբվեցին...

 

 

Սա երկրորդ նախագահի երկրորդ փորձն է Հայաստանի քաղաքական դաշտում անուղղակի կերպով իր ներկայությունն ապահովելու: Փաստորեն, Քոչարյանը նորից մեզ հետ է, նա մեզ չի մոռացել, ավելին՝ նա ուզում է մեզ «համախմբել»՝ իր շուրջը:

 

 

Կարեն Վարդանյան