Պարզվում է՝ Էրդողանը, անդավաճան մնալով սեփական ոճին, կրկին հանդես է եկել հերթական ռազմատենչ կոչերով՝ Ադրբեջանին, ըստ էության, քաջալերելով գնալ լայնամասշտաբ պատերազմի: Թուրքական որոշ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հակամարտ զորքերի շփման գծում վերջին իրադարձությունները իբր ցույց տվեցին ադրբեջանական բանակի առավելությունը հայկականի նկատմամբ: Ի հավելումս սրա՝ Էրդողանը նաև նայտնել է իր վստահությունն առ այն, որ ներկայումս Հայաստանում տիրում են վախն ու խուճապն ու սպառնացել, թե հրադադարը խախտելով՝ Հայաստանը խաղում է կրակի հետ:


Փաստորեն՝ Էրդողանը, այնուամենայնիվ, ապացուցեց, որ ոչնչով չի տարբերվում իր արյունառուշտ ու մարդակեր նախնիներից ու պատրաստ է ամեն վայրկիան անակնկալներ մատուցել աշխարհին: Չնայած վերջին անգամ Բաքու կատարած իր այցի օրերին դրսևորած համեստությանը՝ Էրդողանը, փաստորեն, վերադառնալով տուն, կրկին անցավ անընդունելի հռետորաբանությանն ու դրանով փաստեց, որ Ալիևի արկածախնդրության հիմքը թուրքական էլիտայի պանթյուրքիստական քաղաքականությունն է և որ իրականում Հայաստանը բախվում է ոչ թե Բաքվի, այլ Անկարայի՝ տարածաշրջանում ունեցած հավակնությունների հետ:


Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է մտածում Մոսկվան այս ամենի մասին: Ցավոք, պետք է ֆիքսենք, որ հայաստանցիներիս այն կարծիքը, թե եթե Ադրբեջանը հովանավորվում է Անկարայի կողմից, իսկ մենք՝ Մոսկվայի պես հզոր ռազմավարական դաշնակից ունենք և հետևաբար՝ ոչինչ չունենք անհանգստանալու, սին դուրս եկան. Ռուսաստանը դաշնակից է մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հետ այդ դաշնակցային հարաբերությունները չեն հակասում իր շահերին, ու անգամ եթե գա մի պահ, մեզ համար մի վճռորոշ պահ, որ այդ շահերը մտնեն միմյանց միջև հակասության մեջ, ռուսները, առանց աչքը թարթելու, առանց հետևանքների մասին մտածելու, իրենց քաղաքականությունն առաջ կտանեն. սա է իրականությունը: Բայց ամենևին էլ կարիք չկա զարմանալու, կարիք չկա անակնկալի գալու. այդպիսին է մեծ քաղաքականությունը, ուր երկրների միջև դաշնակցային կամ մրցակցային հարաբերությունները ձևավորվում են բացառապես փոխադարձ շահերի հիմքի վրա, ու ռուս-հայկական հարաբերությունները, ինչպես և՝ նույն թուրք-ադրբեջանական, բացառություն չեն:

 

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը «Bloomberg»-ին տված իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձն Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է», բոլորի համար պարզ դարձավ, որ ներկայումս ազատագրված տարածքների վերադարձ Ադրբեջանին ու այդտեղ ռուսական խաղաղապահների տեղակայում չի լինելու, ինչը, ինչպես հասկանալի է, հակասում է Ռուսաստանի շահերին, քանի որ այս տարածաշրջանում հավելյալ զորքերի տեղակայումը ՌԴ համար ևս մեկ ոչ ավելորդ երաշխիք կհանդիսանար ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ծավալվելը կանխելու, որ ավելի կամրապնդեր այս երկրի հարավային սահմանների անվտանգությունը: Միևնույն ժամանակ Սարգսյանը հասկանել է տալիս ՌԴ-ին, որ չիրականացած ցանկություններում պետք է վերջինս մեղադրի ոչ թե հայերին, այլ Ալիևին, քանի որ Կազանյան փաստաթուղթը մերժել է հենց Բաքուն՝ դրանով իսկ ջուր լցնելով Ռուսաստանի թշնամիների ջրաղացին. Հայաստանը, պարզապես, փորձում է մանրադրամի դերում հանդես չգալ ու ՌԴ-ից եկող հնարավոր դիվանագիտական հարվածն ուղղել Բաքվին՝ զերծ պահելով Հայաստանը հավելյալ արտաքին ճնշումներից:


Արդյոք Մոսկվան, տարածաշրջանում գլոբալ ուժերի նման դասավորվածության պայմաններում, կգնա՞ Բաքվին դեմ ու կհամարձակվի՞ Ալիևի վրա բարդել ողջ պատասխանատվությունը, թերևս, ցույց կտա ժամանակը, բայց որ պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու տարածաշրջանային տոտալ պատերազմ, Մոսկվայում փայլուն կերպով գիտակցում են. մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:


Դավիթ Բաբանով