Ովքե՞ր և ինչպե՞ս են այս ոլորտում պաշտոնների անցել… Այս հարցերը, կարծում ենք, պետք է լինեն ՀՀ պաշտպանության նախարարության և երկրի ղեկավարության առանձնահատուկ ուշադրության տակ: Առավել ևս, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու հետո տվյալ ոլորտն իր վրա է բևեռել հանրության ուշադրությունը:

 

Խոսքը բնավ այն մասին չէ, թե բանակի, զորամասերի նյութատեխնիկական ապահովման գծով պատասխանատուների շարքերում ընդհանրապես չկան ազնիվ, օրինապահ, հայրենասեր ծառայողներ: Իհարկե՛ կան, ինչպե՞ս կարող են չլինել… Բայց քիչ չեն և այնպիսիք, որոնցով առաջիկայում պարտավոր են զբաղվել իրավապահ մարմինները, բանակի ղեկավարությունը: Իսկ այս առումով հույսեր կան, եթե քրեական պատասխանատվության է կանչվում բարձրաստիճան զինվորականը նույնիսկ այն դեպքում, երբ արտաքուստ կարող թվալ, թե նրա արարքն ընդամենը զանցանք է մարդկայնորեն հասկանալի:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Զարմիկ Մարկոսյանը հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով գնդապետ, առաջնորդվել է անձնական շահագրգռվածությամբ: Ըատ մեղադրական եզրակացության՝ Զ. Մարկոսյանն ինստիտուտում սովորելու կապակցությամբ նույն զորամասի կուրսանտ Գնել Թևոսյանի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու նպատակով, չնայած անձնակազմի զինվորական կարգապահության համար պատասխանատու լինելուն, զբաղվել է որդու հովանավորչությամբ: Մասնավորապես, ըստ քր. գործի նյութերի, նա չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2014թ. օգոստոսից մինչև 2015թ. հունվարի 28-ը (ներառյալ) ենթակա սպաներին հանձնարարել է պարբերաբար, առանց համապատասխան փաստաթղթային ձևակերպման, Գ. Թևոսյանին մի քանի ժամ տևողությամբ ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց և թույլատրել բացակայել զորամասի տարածքից:

 

Վերը նշված արարքի համար Զարմիկ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասի հատկանիշով: