CNN-ում հրապարակված հոդվածում Ֆրիդա Գիտիսն անդրադարձել է Թուրքիայում լրագրողների դեմ իրականացվող բռնաճնշումներին:

 

Հոդվածագիրը հիշեցնում է հոլանդացի լրագրող էբրա Ումարի հետ կատարված միջադեպը, երբ Թվիթերում էրդողանին քննադատող գրառումների համար նրան Թուրքիայի ոստիկանությունը 15 ժամով ձերբակալել էր: Հարցաքննությունից հետո լրագրողին ազատ էին արձակել, սակայն պահանջել էին չլքել երկիրը, մինչև Թուրքիայի իշխանությունները չորոշեն՝ նրա դեմ քրեական գործ հարուցելու են, թե ոչ: Գիտիսի կարծիքով դա այլախոհությունը ճնշելու Էրդողանի քաղաքականության հերթական քայլն էր:

 

Նշվում է նաև, որ Թուրքիայի կառավարությունը վերջերս փակել էր հանրահայտ Zaman թերթը, որը պատկանում էր Էրդողանի քաղաքական հակառակորդին: «Zaman-ը միացավ էրդողանամետ միաձայն երգչախմբին: Թուրքիայի կառավարությունը երկրում ձերբակալել է ամերիկացի, բրազիլացի, գերմանացի լրագրողների, որոնք փորձում էին լուսաբանել փախստականների թեման: Այդ նույն փախստականների ճգնաժամը Էրդողանին լծակներ է տվել Արեւմուտքի հետ իր հարաբերություններում եւ Արեւմուտքի առաջնորդներին խոցելի դարձրել նրա առաջ»,- գրում է հեղինակը:

 

Հեղինակը գրում է, որ հասկանալի է՝ Եվրոպան մտահոգված է ոչ միայն փախստաանների հոսքով, այլև այն հանգամանքով, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում իր դաշնակիցն է հանդիսանում՝ թույլ տալով ՆԱՏՕ-ի օդանավերին տեղակայվել Թուրքիայի տարածքում: «Սակայն ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանն ինքն էլ փախստականների հարցով գործարքի կարիք ունի:

 

Թուրքիայում խոսքի ազատությունն անհետանում է, ինչը խոսում է այն մասին, որ այնտեղ ժողովրդավարությունը նույնպես մահանում է: Եթե այլ պետություննեը չեն հակազդում Էրդողանին այն հարցում, թե ինչ է նա անում իր երկրում, ապա գոնե պետք է Էրդողանի հարձակումներից պաշտպանեն սեփական երկրների քաղաքացիների խոսքի իրավունքը եւ Էրդողանին հասկացնել տան, որ նրա բռնաճնշումները հետեւանքներ են ունենալու, ամփոփում է հոդվածի հեղինակը: